ԲԱՑԱՌԻԿ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

19 Դեկտեմբերի, 2008 00:00
Ս.թ. հոկտեմբերի 8-ին հայ-ադրբեջանական սահմանը խախտած և հայկական կողմին գերի հանձնված Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի 3-րդ բանակային կորպուսի 707 մոտոհրաձգային բրիգադի 1-ին գումարտակի զինծառայող, շարքային Ռաֆիկ Ռահման Օղլի Հասանովի հետ:

Հասանով- Այսօր դեկտեմբերի տասնյոթն է, և ես դիմել եմ խնդրանքով` տեսախցիկի առջև ելույթ ունենալու համար: Ես` Հասանով Ռաֆիկ Ռահման Օղլիս, ծնվել եմ 1989թ.-ին` Աղդամի շրջանի Յուսուվջանլի գյուղում: Ներկայումս բնակվում եմ Աղդամի շրջանի Սեֆերլի բնակավայրում: Ինչո՞ ւ եմ խախտել սահմանը. ինձ ստորացնում էին 707 բրիգադի 5-րդ գումարտակում, որը տեղակայված է Ղազախում: Այնտեղ ծառայել եմ երեք ամիս, այնուհետև ուրախացել եմ, որ ինձ տեղափոխում են հենակետ` մտածելով, թե ինը զինվոր է լինելու և մեկ սպա, ուստի ավելի հեշտ կլինի ծառայությունը: Սակայն, միևնույնն էր` ինձ Բազահլի հենակետում էլ էին ծեծում և կտտանքների ենթարկում, ինչին չդիմանալով` ես ինքս ինքնաձիգից կրակել եմ իմ ձախ ոտնաթաթին, որից հետո տեղափոխվել եմ հոսպիտալ, ապաքինվել, ապա նորից վերադարձել հենակետ: Սակայն հրամանատարությունը շարունակում էր ինձ ծաղրել` համեմատելով ավանակի հետ: Ես դիմում եմ Սաֆար Աբիևին` խնդրելով ստուգումներ իրականացնել Ղազախի 707 բրիգադում, մասնավորապես 5-րդ գումարտակում և Ասլան Բեյլի, Գայ Մախլի, Քյամարլի 1-ին գումարտակի բոլոր հենակետերում: Թող ստուգեն և տեսնեն, թե ինչու են այսպիսի երևույթներ տեղի ունենում: Հրամանատարությունը ծեծի է ենթարկում չունևորների երեխաներին, ովքեր ծառայում են հենակետերում, իսկ ունևորներն իրենց զինգրքույկները ստանում են իրենց իսկ տներում: Իհարկե, հասկանում եմ, որ բոլորն էլ պետք է ծառայեն բանակում, բայց այդ դեպքում ինչո՞ ւ հարուստների երեխաները չեն ծառայում: Հարց- Ռաֆիկ, ինձ տեղյակ են պահել, որ դուք ցանկություն եք հայտնել հանդիպել լրագրողի հետ, և ես մի քանի հարց ունեմ Ձեզ ուղղելու: Դուք կարող ե՞ ք ասել` ե՞ րբ և ինչո՞ ւ եք անցել հայկական կողմ: Հասանով- Ես հոկտեմբերի 8-ին` երեկոյան ժամը 19 անց 12 րոպե, խախտելով սահմանը, կամավոր անցել եմ հայկական կողմ: Ի՞ նչ պատճառով, որովհետև ծառայության վայրում ինձ դաժանաբար ծեծում էին: Հարց- Ըստ Ձեր հայտնածի` Ձեր ոտքին Դուք եք կրակել: Հասանով- Այո, ես ինքս եմ իմ ոտքին կրակել, չդիմանալով այդ ճնշումներին: Այդ դեպքի մասին հրամանատարությունը տեղյակ չէր, իսկ ինձ հետ ծառայող զինակիցներս` Վալին Սամիրը, Վալին Ռամիլը, Մեհթին Ասիֆը, Մահարրամով Իլգարը, Դամիրով Ռաֆայելը, Սեյդովը, և բոլոր այն զինվորները, ովքեր գտնվում էին Բազահլի հենակետում, համոզում էին ինձ, որ այդ դեպքի մասին ոչ ոքի չասեմ, քանի որ իրենք մեղք են և ունեն ծնողներ: Սակայն ես էլ ունեմ ծնողներ, ես էլ եմ մեղք: Ինչո՞ ւ էին ինձ ծեծում, դրա համար էլ ես որոշեցի փախչել Հայաստան: Իմ ցանկությամբ եմ եկել Հայաստան և դառնալու եմ ՀՀ քաղաքացի, իսկ Ադրբեջան չեմ վերադառնալու: Հարց- Ռաֆիկ, ես ճի՞ շտ հասկացա` Դուք չե՞ ք ցանկանում վերադառնալ Ադրբեջան: Հասանով- Ես Ադրբեջան չեմ վերադառնալու, որովհետև ինձ այնտեղ ծեծում և ստորացնում են: Հարց- Իսկ Ձեզ Հայաստանում լա՞ վ են վերաբերվում, չեն նեղացնում: Հասանով- Հայաստանում ինձ լավ են վերաբերվում, բուժում են, ու ես հայտնում եմ իմ ծնողներին, հարազատներին և բարեկամներին իմ ջերմ բարեմաղթանքները և տեղեկացնում, որ չանհանգստանան ինձ համար. այստեղ ինձ չեն ծեծում, նորմալ են վերաբերվում: Ես ևս մեկ անգամ հայտնում եմ, որ Ադրբեջան չեմ վերադառնալու: Իմ վիճակը նորմալ է, թող ինձ չփնտրեն, հայրս և մայրս թող չանհանգստանան: Հրամանատարությունը զինվորներին մշտապես ծեծի է ենթարկում, ինչո՞ ւ են ծեծում, ինչո՞ ւ են տանջում. դա է եղել պատճառը: Հարց- Իսկ հենակետերում ոգելից խմիչք օգտագործո՞ ւմ էիք: Հասանով- Այո, օգտագործում էին: Հարց- Կարո՞ ղ եք նշել ոգելից խմիչք օգտագործողների անունները: Հասանով- Այո. ավագ լեյտենանտ Շահբազով Զահիր Զաքիր օղլու, ենթասպա Նուրին Ասլամբայլի, Քյամարլի գյուղի մի բնակիչ, ում անունը չգիտեմ, բայց որը կարմիր գույնի ՙՄոսկվիչ՚ մակնիշի ավտոմեքենա ունի և հրամանատարի հետ հենակետում ամեն օր հարբում էր: Իսկ հրամանատարի պարտավորությունն է հրահանգավորել զինվորներին, սակայն ինքը ոգելից խմիչք է օգտագործում զինվորների հետ, մասնավորապես Վալին Սամիլի հետ: Հարց- Իսկ Ձեզ հետ ծառայող զինծառայողները տուն գնալու համար որևէ գումար վճարո՞ ւմ էին: Հասանով- Ունևորների երեխաները, հրամանատարությանը կաշառելով, ուղարկվում էին հոսպիտալ, որոշ մասը 300-500 մանաթի դիմաց արձակուրդ էր ձեռք բերում: Գտնվելով հոսպիտալում` իրենք համարվում էին զինծառայողներ և ծառայությունը այդ կերպ էին անցկացնում: Չունևորների երեխաները ծառայում են հենակետերում, իսկ հարուստներինը ծառայությանն անգամ ծանոթ չէին, և այդ իսկ պատճառով ես դիմում եմ Սաֆար Աբիևին, որպեսզի ստուգումներ անցկացնեն 707 բրիգադում, որի հենակետերում առկա են օղու և գարեջրի դատարկ շշեր: Եվ մի անգամ մայոր Աբասովը հենակետի հրամանատարին հարցրեց, թե այս ինչ դատարկ շշեր են, հենակետի հրամանատարը պատասխանեց, թե առաջիկա ձմեռվա հեղուկ վառելիքի պահեստավորման համար է: Հարց- Ըստ Ձեզ` նմանատիպ երևույթներ միայն Ձեզ մո՞ տ են հանդիպում, թե՞ ամբողջ բանակն է նույն վիճակում: Հասանով- Որոշ զորամասերում նույն վիճակն է տիրում: Ես կուզեի նշել այն դեպքերը, որոնց ես անձամբ եմ ականատես եղել. օրինակ, երբ սպա Աբդուլահ Մահիլը ինձ շարքում կանգնած սաստիկ ծեծի ենթարկեց բոլորի առաջ, ինչի հետևանքով, գիտակցությունս գրեթե կորցրած` վայր եմ ընկել: Ինձ մշտապես ստորացնում էին` ստիպելով զուգարան մաքրել, դրա համար էլ ես փախել եմ Հայաստան, ծնողներս թող չանհանգստանան, ես Ադրբեջան չեմ վերադառնալու: Հարց- Ես տեղյակ եմ, որ Ձեզ բժշկական օգնություն է ցուցաբերվել: Հասանով- Ես իմ շնորհակալությունն եմ հայտնում այստեղի բուժանձնակազմին` ինձ բուժելու և ինձ հետ լավ վերաբերվելու համար: Հարց- Դեկտեմբերի 12-ին Ձեր ծննդյան օրն էր, և գիտեմ, որ Դուք բանաստեղծություններ եք գրել: Միգուցե մի փոքրիկ հատված կարդայիք, որը, հնարավոր է, լսեն նաև Ձեր ծնողները: Հասանով- Այո, ես բանաստեղծություններ եմ գրել, դրանցից մեկը ես նվիրում եմ իմ ծնողներին /կարդում է բանաստեղծությունը/: Հարց- Ես համոզված եմ, որ Ձեր հարցերի վերաբերյալ տեղյակ են միջազգային բոլոր ատյանները, և հուսով եմ, որ Ձեր խնդիրը շուտով կլուծվի: Հասանով- Ես ողջույններ եմ ուղղում ՀՀ նախագահին և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևին և հայտնում, որ 19 տարի հանդիսացել եմ Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի, իսկ այսուհետ ցանկանում եմ լինել ՀՀ քաղաքացի և այլևս Ադրբեջան չեմ վերադառնալու: Ադրբեջանական բանակում պարանոցիս սավան են փաթաթել և փորձել են խեղդել, գրեթե ամեն օր ծեծի եմ ենթարկվել: Քթիս վիրահատման համար գումար էր պետք, որն իմ ծնողները չունեն, իսկ այստեղ ես շրջապատված եմ հոգատար բժիշկներով, որոնք անվճար կարող են վիրահատել նաև ինձ: Հարց- Ձեր վերջնական խոսքը Ադրբեջանի Հանրապետություն վերադառնալու առնչությամբ: Հասանով- Ոչ, ես այլևս Ադրբեջան չեմ վերադառնալու, սա իմ վերջին խոսքն է: 19-ը տարի ապրել եմ Ադրբեջանի Հանրապետությունում, այլևս չեմ ցանկանում այնտեղ ապրել, ես ՀՀ քաղաքացի եմ դառնալու: Հարց- Ի՞ նչ կցանկանայիք ասել Ձեր զինակիցներին: Հասանով- Ի՞ նչ ասեմ, Ադրբեջանի զինված ուժերում ծառայում են աղքատների երեխաները, իսկ հարուստների երեխաները կշտամբում են նրանց, անգամ սպանում են` արդարանալով, թե իբր զոհվել են հայկական կողմի կրակոցներից: Հարց- Շնորհակալություն, Ռաֆիկ, ես Ձեզ ցանկանում եմ հաջողություն: Հասանով- Մեկ րոպե եմ խնդրում. ես ցանկանում եմ բարևներ ուղարկել իմ ծնողներին, բարեկամներին, հարազատներին և բոլոր նրանց, ովքեր ինձ ճանաչում են, և վստահեցնում եմ, որ Ադրբեջան չեմ վերադառնալու: Ես հավաստիացնում եմ Ձեզ, որ Ձեզ հետ կապված բոլոր հարցերը շուտով դրական լուծում կստանան:
  • Տարածել