Պարզաբանում է գեներալ-մայոր Հ.Քոթանջյանը

5 Փետրվարի, 2009 00:00
Մոսկվայում տեղի ունեցած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) կոլեկտիվ անվտանգության խորհրդի արտահերթ նիստում պետությունների ղեկավարների կողմից ստորագրված ՀԱՊԿ արագ արձագանքման կոլեկտիվ ուժեր ստեղծելու վերաբերյալ որոշման կապակցությամբ ՙԱրմենպրեսի՚ թղթակցի հարցերին է պատասխանել ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ, քաղաքական գիտությունների դոկտոր, գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանը:

- Ձեր կարծիքով Հայաստանի ազգային անվտանգության համար ինչպիսի՞ նշանակություն ունի ՀԱՊԿ գագաթնաժողովում ընդունված ՀԱՊԿ արագ արձագանքման կոլեկտիվ ուժեր ստեղծելու վերաբերյալ որոշումը: - Այս որոշումն արտացոլում է ինչպես Հայաստանի և ՀԱՊԿ անդամ մյուս երկրների ազգային անվտանգության ռազմավարական գերակայությունները, այնպես էլ, ամբողջությամբ վերցրած, կազմակերպության հավաքական անվտանգությունը` նրա պատասխանատվության սահմաններում: Գագաթնաժողում ընդունված որոշումն ամուր քաղաքական, իրավապայմանագրային և ռազմական հիմք է ստեղծում ՀԱՊԿ անդամ—երկրներից որևէ մեկի դեմ ագրեսիայի հավաքական դիմագրավման համար: Հաշվի առնելով անցյալ տարի օգոստոսին Հարավային Օսիայում պատերազմի տխուր փորձը, ագրեսիային հակազդելու իրական մեխանիզմի ձևավորումը Ղարաբաղյան հակամարտության ռազմական լուծման հույս փայփայող գործիչներին զսպելու լրացուցիչ երաշխիք է արկածախնդիր քայլերից, որոնք սպառնում են միջազգային անվտանգության խախտմամբ` ինչպես տարածաշրջանային, այնպես էլ անդրտարածաշրջանային մասշտաբով: ՀԱՊԿ հավաքական ռազմական բաղադրիչի ձևավորումը, որն իր մեջ ներառում է նաև իրավապահ մյուս ծառայությունների և արտակարգ իրավիճակների նախարարությունների տարրեր, թույլ կտա նաև բարձրացնել հավաքական պայքարի արդյունավետությունը միջազգային ահաբեկչության, անդրազգային հանցավորության, նարկոտրաֆիկի, բնական և տեխնածին աղետների դեմ: - Գլոբալ և տարածաշրջանային անվտանգության համակարգում կա՞ն նման որոշումների ընդունման այլ նախադեպեր: - Արագ արձագանքման կոլեկտիվ ուժեր ստեղծելու մասին ՀԱՊԿ որոշումը վկայում է նրա զարգացման դինամիզմի մասին` օգտագործելով միջազգային լավագույն փորձը, այդ թվում` ՆԱՏՕ-ինը: Այս որոշումն իր էությամբ արտացոլում է կազմակերպության բոլոր անդամների հավաքական պատասխանատվության սկզբունքը նրանցից յուրաքանչյուրի անվտանգության համար, որոնք նաև արդյունավետ գործում են Եվրատլանտյան դաշինքի համակարգում: - Այս որոշումը որքանո՞վ եք համատեղելի համարում Հայաստանի որդեգրած փոխլրացման քաղաքականության հետ: - Հայաստանը, ինչպես և մյուս դեպքերում, իր պարտավորությունների նկատմամբ բարձր պատասխանատվություն է ցուցաբերում ազգային և միջազգային անվտանգության բանգավառներում: ՀԱՊԿ-ում իր նախագահությունը ստանձնելով ՀԱՊԿ-ի և ՆԱՏՕ-ի համար շատ կարևոր, միջազգային տրամաչափ ունեցող «Ռուբեժ—2008» և «Համատեղ աղեղ/ նիզակակիր—2008» ու «Խիզախ լուսան» զորավարժությունների անցկացման դրական արդյունքով, Հայաստանն աչքի է ընկնում բոլոր գործընկերների հետ քաղաքական և անվտանգության համագործակցության հարցերում իր մասնակցության հուսալիությամբ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում:
  • Տարածել