Շրջայց` ՀՀ ՊՆ մարդասիրական ականազերծման կենտրոնում
13 Մարտի, 2009 00:00Ս.թ. մարտի 13-ին ՀՀ-ում հավատարմագրված ռազմական կցորդները` Ռազմական կցորդների ասոցիացիայի աշխատանքային պլանի համաձայն, այցելեցին ՀՀ ՊՆ մարդասիրական ականազերծման կենտրոն:
Ռազմադիվանագիտական ներկայացուցիչների պատվիրակությանն ընդունեց ՀՀ ԶՈւ ԳՇ ինժեներային զորքերի վարչության պետ, գեներալ-մայոր Ո.Ադոյանը, որի ուղեկցությամբ էլ վերջիններս փոքրիկ շրջայց կատարեցին Կենտրոնում, ծանոթացան Կենտրոնի պատմությանն ու աշխատանքներին, ծառայության պայմաններին, դիտեցին փորձնական պարապմունքը:
Այնուհետև գեներալ-մայոր Ո.Ադոյանը նկարների ցուցադրությամբ հյուրերին ներկայացրեց որոշ մանրամասներ Կենտրոնի գործունեության վերաբերյալ:
Շրջայցի ավարտին Ո.Ադոյանը` զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ ճեպազրույցի ընթացքում նշեց, որ ռազմական կցորդների այցը ՀՀ ՊՆ մարդասիրական ականազերծման կենտրոն` ճանաչողական բնույթ է կրում: Ապա հավելեց, որ Կենտրոնը ստեղծվել է 2002թ.-ին` ԱՄՆ Պետդեպարտամենտի աջակցությամբ, և ամեն տարի ամերիկյան գործընկերներն այցելում են կենտրոն, հետևում ընթացիկ աշխատանքներին, մեր երկրում տարվող հումանիտար ականազերծման գործընթացին: Ըստ Ո.Ադոյանի` Հայաստանի տարածքում դեռևս վտանգավոր են համարվում Սյունիքի, Տավուշի, Արարատի և Գեղարքունիքի մարզերի սահմանամերձ շրջանները. «Անցյալ տարի կենտրոնն աշխատել է առավել վտանգավոր համարվող Սյունիքի մարզում` ականազերծելով մոտ 110 հեկտար հողատարածք: Սակրավորները գործնական աշխատանքները սկսում են յուրաքանչյուր տարվա ապրիլ:
Իսկ ականապատումն արգելող 1997թ.-ի Ժնևյան կոնվենցիային` մեր երկրի միանալու առնչությամբ Ո.Ադոյանը նշեց, որ անհրաժեշտ է հաշվի առնել, թե ինչպիսի իրավիճակում է Հայաստանը, թե ինչ հարևան ունենք. «Քանի դեռ երկու երկրների միջև խաղաղության պայմանագիր ստորագրված չէ, Ժնևյան կոնվենցիային միանալն անհնար է»,- պարզաբանեց նա:
Ինժեներային զորքերի վարչության պետը հավաստեց նաև, որ շուրջ 180 հայ սակրավորներ անցել են համապատասխան դասընթացներ` ստանալով միջազգային հավաստագիր և կարող են աշխատել նաև արտերկրում. «Դեռևս քննարկման փուլում է սակրավորական ստորաբաժանումների ընդլայման հարցը: Ներկայումս գումարտակում ընդգրկված են երկու սակրավորական վաշտ, բժշկական անձնակազմը և շնաբուծարանը` գերմանական, հոլանդական ու բելգիական շուրջ 15 հովվաշներով: Վարժեցված մեկ հովվաշունն արժե մոտ 13 հազար ԱՄՆ դոլար, և մենք ծրագրում ենք առաջիկայում նման «մասնագետներ» պատրաստել մեր երկրում. 2002 թվականից ծառայության անցած հատուկ վարժեցված շներն արդեն սահմանային տարիքում են, և անհրաժեշտ է նրանց փոխարինել նոր ու կարող ուժերով»:
«Որքան էլ լավ պատրաստված լինի սակրավորը, ցանկացած անզգուշություն կամ վրիպում կարող է նրա կյանքն արժենալ, քանի որ սակրավորի հատուկ համազգեստը պաշտպանում է նրա մարմնի ամենակարևոր մասերը միայն»-եզրափակեց գեներալը: