ՄԱՅԻՍԸ ՄԵՐ ՀԵՐՈՍԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ԱՄԻՍՆ Է

21 Մայիսի, 2009 00:00
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յու. ԽԱՉԱՏՈՒՐՈՎԻ բացառիկ հարցազրույցը Մոսկվայում հրապարակվող «Ноев Ковчег» թերթի թղթակից Նատալյա ՕԳԱՆՈՎԱՅԻՆ:

- Յուրի Գրիգորի, Դուք կանգնած էիք հայկական բանակի կազմավորման ակունքներում: Ի՞նչ գնահատական կտաք նրա կայացման 17-ամյա պատմությանը:

- Այդ 17 տարիներն անցել են շատ արագ, ես կասեի՝ անգամ աննկատ: Մենք հասունացել ենք, հասունացել ենք մեր հերոսական բանակի հետ միասին: Այս տարիների ընթացքում կատարվել է հսկայական աշխատանք, եւ արդեն տեսանելի է, թե որքան է աճել ու առնականացել մեր բանակը: 1992թ. հետ համեմատած, երբ կային ընդամենը 4 զինվորական գնդեր՝ յուրաքանչյուրը 600-800 մարդ թվաքանակով, այսօր մենք ունենք լուրջ բանակ, որի կազմում կան կորպուսներ, զորատեսակներ, ավիացիա, ՀՕՊ, հրետանի: Մասնագետների գնահատմամբ, Հայաստանի զինված ուժերը համարվում են տարածաշրջանում լավագույններից մեկը:

- Նախորդ տարի իրականացված ռազմական բարեփոխումները ենթադրում են պաշտպանության նախարարության եւ Գլխավոր շտաբի գործառույթների տարանջատում: Գործնականում ի՞նչ է դա նշանակում: - Դասական ուրվագիծը ենթադրում է զինվորական եւ քաղաքացիական անձնակազմի գործառույթների լիակատար տարաբաժանում: Բայց, ելնելով ներկայիս իրողություններից եւ հաշվի առնելով մեր պաշտպանական համակարգի առանձնահատկությունները, այս տարի ընդունված «Պաշտպանության մասին» նոր օրենքի համաձայն մենք ներդրել ենք համակցված տարբերակ: Բանն այն է, որ պաշտպանության նախարարի պաշտոնը քաղաքական է: Օրինակի համար, չի բացառվում, որ հերթական ընտրություններում կարող է հաղթել այս կամ այն քաղաքական կուսակցությունը եւ պաշտպանության նախարարի պաշտոնին նշանակելու համար առաջադրել իր ներկայացուցչի թեկնածությունը: Եվ այդ թեկնածուն կարող է լինել կին՝ հմուտ, գրագետ քաղաքական գործիչ, ով, սակայն, լավ չի կողմնորոշվում զուտ ռազմական հարցերում: Սա պետք է հաշվի առնել: Ուստի, «Պաշտպանության մասին» օրենքի համաձայն, պաշտպանության նախարարը, լինելով քաղաքացիական անձ, քաղաքական գործիչ, զինված ուժերի անմիջական ղեկավարն է, իսկ զորքերի ղեկավարումն իրականացնում է ԳՇ պետը, որպես ամենից բարձրաստիճան զինվորական, այլ կերպ ասած՝ պաշտպանության նախարարն իրականացնում է ողջ զինված ուժերի ղեկավարումը ԳՇ պետի միջոցով: Այսօր ներդրված համակարգն արդյունավետորեն գործում է, պատճառներից մեկն էլ այն փաստն է, որ պաշտպանության նախարարը՝ Սեյրան Օհանյանը, զինվորական մարդ է, ունի զորքերի ղեկավարման հարուստ փորձ: Նա եղել է ԳՇ պետ, երկար տարիներ ղեկավարել է ԼՂՀ Պաշտպանության բանակը: Հնարավոր է, որ ապագայում, կառավարության փոփոխության դեպքում, նոր համակարգը կբացահայտի իր ուժեղ եւ թույլ կողմերը: - Կարո՞ղ ենք ասել, որ Հայաստանում ունենք լավ, պրոֆեսիոնալ բանակ: - Պրոֆեսիոնալ բանակն ամբողջությամբ համալրվում է պայմանագրայիններով: Ընդ որում, համաշխարհային փորձը դրա արդյունավետությունը գնահատում է տարաբեւեռ տեսանկյունից: Ժամանակակից պատերազմների ու ռազմական գործողությունների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ժամկետային զինծառայողների շրջանում հայրենասիրության ոգին, պայմանագրայինների հետ համեմատած, ավելի բարձր է: Եվ մեր վերջին պատերազմը նույնպես հաստատում է դա: Հաղթանակը մեծ չափով հնարավոր է դարձել նաեւ հայրենիքի պաշտպանության համար ելած երիտասարդ ժամկետայինների արիության շնորհիվ: Միեւնույն ժամանակ, ես ամենեւին չեմ նսեմացնում պայմանագրային ծառայության հնարավորությունները: Այսօր պայմանագրային հիմունքներով մեզ մոտ արդեն ծառայում են մոտ 10000 մարտիկներ, այդ թվում՝ նաեւ կրտսեր հրամանատարական պաշտոններում: Ենթադրվում է, որ առաջիկա 7-8 տարիներին նրանց թիվը կրկնապատկվելու է: Աստիճանաբար մենք ամբողջովին կանցնենք պայմանագրային հիմունքներով ծառայության, եւ միայն այդ ժամանակ կարող ենք ասել, որ մեր բանակն ունի պրոֆեսիոնալի կարգավիճակ: Դա տեւական գործընթաց է, որը պահանջում է որոշակի ժամանակ եւ ֆինանսական միջոցներ: Միեւնույն ժամանակ ցանկանում եմ նշել, որ մեր բանակը լավ պատրաստված է մասնագիտական առումով: Եվ սա բառախաղ չէ, պարզապես բերեմ մի փոքր օրինակ: 1992թ., երբ ընթանում էին առաջին լուրջ մարտական գործողությունները, ունեինք ընդամենը մի քանի տանկ՝ ոչ այնքան պատրաստված անձնակազմերով: Վերջին հանգամանքը լիովին բացատրելի է. դեռ չկար մարտի վարման փորձ: Այսօր մարտական պատրաստության մակարդակը հայկական բանակում բավականին բարձր է, իսկ տեխնիկական հագեցվածությունը թույլ է տալիս անհրաժեշտության դեպքում միաժամանակ կիրառել ավելի քան 100 տանկ: - Մեր պետությունը գործադրում է բոլոր ջանքերը բանակի մարտունակության, այդ թվում նաեւ տեխնիկական հագեցվածության աստիճանը բարձրացնելու համար: Տվյալ դեպքում ենթադրվում է սպառազինության հին նմուշների արդիականացո՞ւմ, թե՞ նոր զինատեսակների ձեռքբերում: - Մեծ հաշվով, բանակի ներուժը կարելի է փոխել՝ համապատասխանաբար փոփոխելով անձնակազմի եւ սպառազինության ու ռազմական տեխնիկայի քանակը: Սա մեծ հաշվով: Սակայն գործնականում իրավիճակը սովորաբար տարափոխվում է: Կարելի է գնել ավագ սերնդի տեխնիկա, եթե, ասենք, առկա է դրա համար նախատեսված զինամթերք: Դա լուծում է հարցը եւ տնտեսում միջոցներ: Մյուս կողմից, սեփական տեխնիկական բազայի շնորհիվ մեզ մոտ լուծվում է հիմնականում խորհրդային տարիներից մնացած զինատեսակների արդիականացման հարցը: Սակայն ավիացիայի, հակատանկային միջոցների, ՀՕՊ համալիրների հարցում մենք մեր հաշվարկներում հենվում ենք միայն ամենից ժամանակակից տեխնիկայի վրա: Ոչ այնքան վաղուց ԱՊՀ երկրների շարքում առաջինը մենք ենք իրականացրել տեխնիկական սպասարկում N1: Հիմնվելով արդյունքների վրա՝ կարող եմ ասել, որ ողջ ռազմական տեխնիկան գտնվում է գերազանց վիճակում եւ ունի մեծ տեխնիկական պաշար: Մասնավորապես՝ մարտական խմբի ավտոտեխնիկան ունի շատ բարձր տեխնիկական պատրաստության գործակից, իսկ զրահատեխնիկան գործնականում միշտ էլ համապատասխանել է 100 տոկոսանոց ինդեքսին: Եվ եթե 1-2 տանկ շարքից դուրս են գալիս, տառացիորեն 1 ամսվա ընթացքում դրանք ամբողջովին վերականգնում ենք: Ունենք բավականին հզոր ՀՕՊ համակարգ, որը զգալիորեն գերազանցում է Ադրբեջանի հնարավորությունները: Հուսալիորեն «ծածկված» է Երեւանը, ինչպես նաեւ ՀՀ ամբողջ օդային տարածքը: Իհարկե, կան խնդիրներ, սակայն դրանք ավելի շատ ներքին բնույթի են, եւ, սկզբունքորեն, լուծվում են աշխատանքային կարգով: - Դա նշանակո՞ւմ է, արդյոք, որ տեխնիկական առումով մեր բանակը զգալիորեն ավելի լավ է համալրված հակառակորդի բանակից: - Ես այլ կերպ կասեի՝ մեզ մոտ տեխնիկան գտնվում է զգալիորեն ավելի լավ վիճակում, եւ դրանով մենք շահեկանորեն տարբերվում ենք հակառակորդից: Գաղտնիք չէ, որ Ադրբեջանը մշտապես ավելացնում է ռազմական տեխնիկայի քանակությունը՝ գնելով տանկեր, ավիացիա, հաուբիցներ, ՀՕՊ համակարգեր, հրետանի: Սակայն, մեր ունեցած տվյալներով, տեխնիկայի անսարք վիճակի եւ վատ սպասարկման պատճառով քանակը չի համապատասխանում որակին: Մյուս կողմից, ցանկանում եմ նշել, որ սեփական բանակի արդիականացման ուղղությամբ Ադրբեջանի ձեռնարկած քայլերը անպատասխան չեն մնում, եւ Հայաստանը իր պաշտպանունակությունը բարձրացնելու նպատակով հակամիջոցներ ձեռնարկում է: - Իսկ ինչպե՞ս են բանակային ծառայությանը վերաբերվում երիտասարդները: Ծառայությունից խուսափողներ կա՞ն:  - Առաջին հերթին ցանկանում եմ նշել, որ մեր երկրում մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությանը լուրջ ուշադրություն է դարձվում: Ինչպես հայտնի է, 2008թ. ստորագրվել է պաշտպանության եւ կրթության նախարարների համատեղ կարգադրություն՝ հանրապետության բոլոր դպրոցներն ու ուսումնական հաստատությունները զորամասերին ամրակցելու մասին: Դա շատ կարեւոր փաստաթուղթ է, քանի որ դպրոցականների շրջանում իրականացվող դաստիարակչական-հայրենասիրական աշխատանքի նկատմամբ նախատեսում է համակարգված մոտեցում: Զորակոչի հարցերով ես անմիջականորեն զբաղվում եմ արդեն մեկ տարի: Վստահորեն կարող եմ ասել, որ երիտասարդները չեն խուսափում: Զորակոչը միշտ ընթանում է հանգիստ, սովորական պլանային ռեժիմով: Զորակոչիկները, նրանց ծնողները, ազգականները ՀՀ ԶՈՒ շարքերում ծառայելու անհրաժեշտությանը ըմբռնումով են մոտենում: Ավելին՝ շատ են դեպքերը, երբ երիտասարդ տղաները իրենք են գալիս ինձ մոտ ընդունելության՝ խնդրելով իրենց ուղարկել ծառայելու սահմանում: Երբեմն ակամայից միտք է ծագում, որ այդ բարձրահասակ, գեղեցիկ, վայելչակազմ տղաներին անհրաժեշտ է ծառայության նշանակել որեւէ էլիտար ստորաբաժանումում կամ հատուկ գնդում, իսկ իրենք խնդրում են հակառակը՝ ամենածանր հատվածներ, խրամատներ, սահման, ուր անմիջապես դիմացը կանգնած է հակառակորդը: Եվ չեմ կարծում, թե նրանց հոգում խոսում է պատանեկան ռոմանտիկան: Ավելի շուտ, դա երիտասարդ տղաների գիտակցված ընտրությունն է, ովքեր հայրերի օրինակով պատրաստ են պաշտպանել մեր անկախությունը: - Մեր զորքերին առաջադրված հիմնական խնդիրը մեր սահմանների պահպանությունն է: Ինչպիսի՞ն է իրավիճակը սահմանում: - Պատահում է ամեն ինչ: Սահմանամերձ գյուղերը պարբերաբար գնդակոծվում են մերձակա ադրբեջանական դիրքերից: Ցանկանում եմ ընդգծել, որ հայկական կողմը, ի տարբերություն ազերիների, ձեռնպահ է մնում ադրբեջանական գյուղը գնդակոծելուց: Այսօր ադրբեջանական գերության մեջ շարունակում են մնալ մեր երեք զինվորները, որոնք մոլորվել էին լեռներում: Ծանր ապրումներ են, երբ գիտես, որ քո զինվորները հակառակորդի մոտ են: Ձեռնարկվում են բոլոր միջոցները, այդ թվում նաեւ Կարմիր խաչի միջոցով, նրանց հետ բերելու համար: Մենք պարտավոր ենք անել ամեն ինչ՝ նրանց հայրենիք, տուն, ծնողների մոտ վերադարձնելու համար: Մեզ մոտ գտնվում է շարքային Հասանովը, որը քաղաքական ապաստան է խնդրում: Միջադեպի քննությունը դեռեւս ընթանում է: Բայց արդեն պարզ է, որ նրա անցնելը մեզ մոտ կապված է զորամասում տիրող վատ սոցիալական, նյութական, կարգապահական իրավիճակի հետ: Եվ քանի որ շոշափել ենք այդ հարցը, ասեմ, որ մեր ունեցած տեղեկատվության համաձայն, կոռումպացվածությունը ադրբեջանական բանակում այնքան մեծ է, որ բարդ է խոսել զինվորական կարգապահության մասին: Խոսքը գնում է, օրինակ, սովորական զինվորական բավարարման մասին, որը պարզապես գողացվում է: Այստեղից էլ՝ սովահար ու ոջլոտ գնդերը, հայտնի են անգամ քոսի դեպքեր: Իսկ ժամանակն ախր ինչպիսին է՝ XXI դար: Հավատացեք, սրանք մերկապարանոց հայտարարություններ չեն: Մենք ունենք նման փաստերի իսկությունը ճշտելու բավականին հնարավորություններ: - Իր հարցազրույցներից մեկում ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանը ասել է. «Խստությունը բանակում անհրաժեշտ է, սակայն այն չպետք է վերածվի զինվորի անձը վիրավորելուն»: Ասացեք, խնդրեմ, հայկական բանակում «դեդովշչինա» երեւույթը գոյություն ունի՞: - Երեւի թե պետք է խոսել ոչ թե «դեդովշչինայի» փաստերի, այլ քաղաքացիական կյանքից բանակ բացասական երեւույթների փոխանցման մասին: Լինում է, որ բանակ է գալիս քաղաքացիական կյանքում՝ ընտանիքում, դպրոցում, հասակակիցների շրջանում ստացած դաստիարակության արդյունքում իրեն դրության տերը համարող զինվոր: Ու երբ զինվորը գալիս է չենթարկվելու արդեն ձեւավորված աշխարհայացքով, իրավիճակը, մեղմ ասած, սկսում է շիկանալ: Կյանքի նոր, բանակային պայմաններին հարմարվելու գործընթացը նման նորակոչիկների մոտ, իհարկե, ընթանում է անհամեմատ ավելի բարդ: Մենք ջանում ենք հարթել նման պահերը: Մյուս կողմից, պատժվում են նաեւ միջանձնային հարաբերությունների էթիկան խախտող հրամանատարները: - Բայց այդ դեպքում գուցե այլընտրանքային ծառայությո՞ւնը դառնա նորակոչիկների համար առավել ընդունելի ելք: - Այլընտրանքային ծառայության հարցը մեզ մոտ արծարծվել է բազմիցս: Կա համապատասխան օրենք, հրամաններ, ծրագիր, այլընտրանքային հիմունքներով զինծառայությունը կարգավորող կանոններ: Սակայն, ընդհանուր առմամբ, արժե նշել, որ Հայաստանում այն չարմատավորվեց: Դարավոր ազգային մտածելակերպի պատճառով «այլընտրանքային ծառայություն» հասկացությունը մեր զինվորական կոլեկտիվներում չի ողջունվում: Տղամարդը պետք է ծառայի եւ ոչ թե, ներողություն, գիշերանոթներ դատարկի: Նման հպարտությունը երեւի թե բնորոշ է մեզ գենետիկորեն, եւ այդ պատճառով տղաները չեն շտապում այլընտրանքային ծառայության: Նույնը կարելի է ասել նաեւ աղանդավորների ու խաղաղապաշտների մասին, ովքեր ավելի քան եռանդուն կերպով ապացուցում են սեփական համոզմունքների եւ զինծառայության անհամատեղելիությունը: Համենայն դեպս, նույնիսկ նրանք նախընտրում են սովորական զինծառայությունը: Ի դեպ, զորամասերում եկեղեցու ներկայացուցիչների ինստիտուտի հիմնավորումից հետո իրավիճակը զգալիորեն բարելավվել է: Դա բարի գործ է: Մյուս կողմից՝ կարելի է հիշատակել նաեւ բանակում իրականացվող գենդերային քաղաքականությունը, մեզ մոտ ծառայում են մոտ 2000 կանայք: Եվ հավատացեք, նույնիսկ նրանք չեն ձգտում այլընտրանքային ծառայության: Չնայած կանոնագրքերում այդ առնչությամբ չկան առանձնակի վերապահումներ՝ նորից գործում է մեր ազգային մտածողությունը, դարերով մշակված հարգալից վերաբերմունքը կնոջ նկատմամբ: Կանայք հիմնականում ծառայում են շտաբներում, գաղտնի մասերում, որպես կապի հանգույցների հեռախոսավարներ: - ԱՄՆ նախագահի նախկին խորհրդական Հ.Քիսինջերը նկատել է, որ իր երկրի աշխարհաքաղաքական հաջողությունների հիմքը տեղեկատվական ծավալապաշտությունն է սեփական տեղեկատվական տարածության միաժամանակյա պաշտպանությամբ: Ձեր կարծիքով, Ադրբեջանը ոչ այնքան վաղուց, թողնելով հերթական տեղեկատվական սուտը, ա՞յդ քաղաքականությամբ է առաջնորդվել (ի նկատի է առնվում Ռուսաստանի Հայաստանին 800 մլն դոլար արժողությամբ սպառազինության փոխանցման մասին լուրը): - Այո, դա իսկապես «յուղոտ» սուտ էր: Ինչ-որ գեներալ ինչ-որ տեղ ստորագրել է անգրագետ եւ փաստերով չհաստատված փաստաթուղթ, որը, դրանից բացի, մատուցվել է չափազանց անշնորհք կերպով: Սուտը իր նպատակին չի ծառայել: Սենսացիա տեղի չի ունեցել: Շատ հիմնավոր կերպով այդ հավակնությունները հերքել է ՌԴ ԱԳ նախարար պարոն Լավրովը: Կցանկանայի նշել, որ Ադրբեջանում ավելի շատ սիրում են խոսել այն բանի մասին, ինչն իրականում չկա, այսինքն՝ ցանկալին ներկայացնել որպես իրականություն: Այնտեղ քիչ գիտեն, թե ինչ է կատարվում մեզ մոտ: Ավելի շատ խոսում են նրա մասին, ինչը չկա: - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը տարբեր ամբիոններից բազմիցս ասել եւ շարունակում է կրկնել, որ Ղարաբաղը երբեք անկախ չի լինելու: - Խոսել նա սիրում է: Հատկապես, երբ մեկնում է Եվրոպա: Այդ խոսակցությունները հիմնականում ներքին սպառման, երկրի տիրոջ կերպարը պահպանելու համար են: Նման արտահայտությունները կարելի է համարել լոկ ինքնահաստատման նպատակով տեղեկատվական խաղեր: Ոչ ավելին: Գիտե՞ք, կա հասարակ դարձված՝ «Ցանկանալը վնաս չէ»: Տվյալ դեպքում այլ կերպ չես էլ ասի: Կարելի է թափահարել բռունցքները: Սակայն եթե այնտեղ փոքր-ինչ ավելի վստահ լինեին, որ կարող են իրականացնել իրենց արկածախնդրությունը, վաղուց արդեն հերթական պատերազմը սանձազերծած կլինեին: Հնարավոր է՝ նրանց ներուժը միշտ էլ ավելի մեծ է եղել եւ անձնակազմի, եւ տեխնիկայի, եւ սպառազինության առումով: Այդպես է եղել նաեւ 1992-94թթ. մարտական գործողությունների ժամանակ: Իսկ Ադրբեջանը շրջափակվա՞ծ էր Հայաստանի պես: Իսկ նավթ այն ժամանակ մի՞թե չունեին: Կամ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո այնտեղ քի՞չ սպառազինություն էր մնացել: Սակայն այն ժամանակ Ադրբեջանը իր նպատակներին չկարողացավ հասնել: Չի կարողանա եւ հիմա՝ 20 տարի անց: Մենք համարում ենք, որ Ղարաբաղը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Դրանում վստահ է ամեն մի հայ: - Կարելի՞ է ասել, որ տեղեկատվական պատերազմներում հրահրիչ գործոն կարող է դառնալ անգամ տեղեկույթի չկանխամտածված արտահոսքը: Ի՞նչ է արվում այն կանխելու համար: - Այսօր ամբողջ աշխարհում բավականին լուրջ ուշադրություն են դարձնում սեփական տեղեկույթի պաշտպանությանը ոչ միայն տվյալ, այլ նաեւ հավանական հակառակորդից: Այդ խնդրի հանդեպ աչքերը փակել, բնականաբար, չի ստացվում: Հիմնական շեշտը, անշուշտ, դրվում է զգոնության վրա: Գաղտնիք չէ, որ օտարերկրյա հետախուզական ծառայությունները չեն խորշում ոչնչից, բանակի վերաբերյալ տեղեկատվությունը մասնիկ առ մասնիկ հավաքվում է տարբեր աղբյուրներից: Ես դեռ չեմ խոսում ժամանակակից հետախուզական տեխնիկայի մասին: Հավաքված նյութի հիման վրա եզրակացություն կատարելն էլ արդեն մասնագետների գործն է: Նման տեղեկությունների հավաքման մեջ մասնագիտացած օտարերկրյա ծառայությունները աշխատում են նաեւ մեր երկրում: Կարող եմ միայն ասել, որ մենք նույնպես ձեռնարկում ենք միջոցներ, օրինակի համար, խոսակցական տեղեկույթի արտահոսքը կանխելու համար: Հավատացեք, նման հնարավորություններ մենք ունենք: Մեր պաշտպանական կառույցի ներսում մեծածավալ համակարգված աշխատանք է կատարում տեղեկատվական անվտանգության հարցերին լուրջ ուշադրություն դարձնող ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: - Այսօր Հայաստանի համար իր անվտանգության երաշխիքը ՀԱՊԿ ռազմաքաղաքական կառույցին ինտեգրվելը եւ ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերությունների ամրապնդումն է: Ինչպե՞ս է հաջողվում պահպանել հավասարակշռությունը ՀԱՊԿ-ի եւ ՆԱՏՕ-ի միջեւ: - Միշտ կարելի է գտնել ոսկե միջինը: Դա միջազգային անվտանգության տարբեր բեւեռների հետ համագործակցելու քաղաքականությունն է: Պայմանագրի տեքստից հասկանալի է, որ ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրին Հայաստանի մասնակցությունը ուղղված է եվրոպական ռազմական չափորոշիչներին հայկական բանակը մերձեցնելուն: Շատ երկրների ու անվտանգության համակարգերի հետ դաշնակցային հարաբերությունների հաստատումը նպաստում է Հայաստանի Հանրապետության ԶՈՒ մարտունակության ամրապնդմանը, ռազմատեխնիկական բազայի հարստացմանն ու արդիականացմանը: Սակայն մեր պաշտպանական քաղաքականության առաջնային, ռազմավարական ուղղությունը Ռուսաստանի եւ ՀԱՊԿ-ի հետ դաշնակցային հարաբերությունների ամրապնդումն է: Ընդ որում, Ռուսաստանի Դաշնության դեպքում դա համագործակցության բավականին բարձր մակարդակ է, ինչն ընդգծում են մեր պետությունների ղեկավարները: - Յուրի Գրիգորի, Դուք ունեք հարուստ զինվորական կենսագրություն: Անցել եք Աֆղանստանը: Ունեք բարձր կառավարական ու մարտական պարգեւներ: Իսկ հետո մեր պատերազմն էր, ուր խաղաղասեր եւ ստեղծագործ ժողովուրդը փառաբանվեց իր հերոսությամբ: - Մենք կռվել ենք ոչ թե պարգեւների, այլ մեր անկախության համար: Մեր բանակն առնականացել է այդ մարտերում: Շատ մարդ ենք կորցրել: Հատկապես դժվար էր լինում ծնողներին ասել իրենց որդիների՝ դեռ չափազանց երիտասարդ տղաների զոհվելու մասին: Նրանք իսկական հերոսներ էին: Շատ ցավալի է հիշել, բայց ուզում եմ պատմել, թե ինչպես մարտերից մեկում զոհվեց մեր զինվորը: Նա կարող էր անձնատուր լինել, այն ժամանակ գերիների փոխանակումը կատարվում էր համեմատաբար հեշտորեն: Սակայն նախընտրեց նռնակով պայթեցնել իրեն եւ հակառակորդի 4 զինվորների: Հետո նրա մարմինը պտտում էին ադրբեջանական զորամասերում, որպեսզի ցույց տան, թե ինչպես պետք է կռվել եւ ինչ է իսկական հերոսությունը: Մեր անկախությունը պաշտպանող այդպիսի հերոսներ մեր բանակում բոլորն էին: Նրանց՝ հերոսների եւ հայրենասերների շնորհիվ այսօր հպարտությամբ կարող ենք ասել, որ հայկական բանակի պատմությունը հայկական պետականության կայացման պատմությունն է: Մայիսյան տոների նախաշեմին ես ցանկանում եմ շնորհավորել Հայրենական մեծ պատերազմի, Ղարաբաղյան պատերազմի վետերաններին, մեր ժողովրդին, մեր բանակին Մայիսի 9-ի կապակցությամբ: Ցանկանում եմ մաղթել այն, ինչի կարիքն այսօր ունենք ամենից շատ՝ խաղաղություն: Որ պատերազմ չլինի, մարդիկ սիրեն եւ հարգեն միմյանց, որ լինեն ավելի բարի: Շնորհավոր Հաղթանակի տոնը:
  • Տարածել