ՀՀ պաշտպանության նախարարը և ՌԴ դեսպանը ծանոթացել են շարժական լաբորատորիայի աշխատանքներին
11 Ապրիլի, 2020 14:56Պաշտպանական գերատեսչության ղեկավարը զրուցել է շարժական լաբորատորիան սպասարկող անձնակազմի հետ, ծանոթացել առաջին նմուշառումների արդյունքներին, նախապես վարակազերծված լաբորատորիայում հետաքրքրվել դրա հնարավորություններով։
Շարժական լաբորատորիան ՌԴ-ից Հայաստան է տեղափոխվել երկու պետությունների պաշտպանության նախարարների միջև ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում:
Նոր կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման և հակահամաճարակային միջոցառումների կազմակերպմանն աջակցելու, ինչպես նաև հայ գործընկերներին այդ ոլորտում իրենց փորձն ու գիտելիքները փոխանցելու նպատակով Հայաստանում են նաև ՌԴ զինված ուժերի մասնագետները: ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության սպաները ռուս գործընկերների հետ արդեն իրականացնում են լաբորատոր հետազոտություններ, անցկացնում վերապատրաստման պարապմունքներ, քննարկումներ ընթացիկ աշխատանքների կազմակերպման վերաբերյալ։
Հայաստան տեղափոխված Covid-19 վարակի հետազոտման շարժական լաբորատորիան կարող է հետազոտություններ իրականացնել ցանկացած տեղանքում և եղանակային բարդ պայմաններում՝ ապահովելով իրականացվող ստուգումների 99% ճշգրտություն: