ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է հայ-ղազախական դաշնակցային հարաբերությունները

12 Հունիսի, 2018
Հունիսի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թեմուր Ուրազաևին և ՀՀ-ում ՂՀ-ի դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Մուխտար Մայկեևին:

Թեմուր Ուրազաևը շնորհավորել է Դավիթ Տոնոյանին պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ պետական պատասխանատու գործունեության մեջ:

Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է հայ-ղազախական դաշնակցային հարաբերությունները և հավաստիացրել, որ դրանք այսուհետ ևս ընդլայնվելու և զարգանալու են` իրացնելով մի շարք ուղղություններում առկա մեծ ներուժը: Ընդգծվել է երկու երկրների համագործակցության կարևորությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության և այլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում:

Կարծիքներ են փոխանակվել նաև միջազգային ու տարածաշրջանային անվտանգության խնդիրների և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:

  • Տարածել