Քննարկվել է ԼՂ հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը
12 Մայիսի, 2016 19:27Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ԼՂ հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը և հնարավոր զարգացումներին առնչվող հարցեր:
ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը Թոմաս Լենկին ներկայացրել է ապրիլի սկզբին ԼՂՀ-ի դեմ Ադրբեջանի սանձազերծած մարտական գործողությունների, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում և հայ-ադրբեջանական պետական սահմանին ներկայումս տիրող իրավիճակի վերաբերյալ տեղեկատվություն: Դավիթ Տոնոյանը զրուցակցի ուշադրությունը հրավիրել է այն հանգամանքին, որ մայիսի 11-ին ԵԱՀԿ առաքելության կողմից Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի Թալիշ գյուղի հյուսիս-արեւմտյան ուղղությամբ դիտարկումն անցկացնելուց ժամեր անց ադրբեջանական զինուժի կողմից արձակված կրակոցից նույն վայրում սպանվել է ՊԲ զինծառայող: Վերոնշյալ պատահարը ցույց է տալիս, որ ԵԱՀԿ-ի կողմից ներկայիս ձևաչափով իրականացվող դիտարկումներն արդյունավետ չեն և Ադրբեջանը շարունակում է կոպտորեն խախտել հրադադարը: Շեշտվել է, որ շփման գծում հետաքննության միջազգային մեխանիզմների ներդրումը նմանատիպ միջադեպերի կանխարգելման արդյունավետ գրավականներից է:
Անդրադարձ է կատարվել նաև Ադրբեջանի կողմից տարածվող այն տեղեկատվությանը, թե իբր հայկական կողմը օգտագործել է սպիտակ ֆոսֆորային արկ: Վերոնշյալ տեղեկատվության շրջանառության մեջ հայտնվելը ևս մեկ անգամ փաստում է շփման գծում հետաքննության միջազգային մեխանիզմների անհրաժեշտության մասին` նմանատիպ ապատեղեկատվության տարածումը կանխելու համար: