ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարին
12 Մայիսի, 2016 19:27Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ պաշտպանական գերատեսչության և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի միջև իրականացվող համագործակցությանն առնչվող հարցեր: ՀՀ պաշտպանության նախարարը բարձր է գնահատել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի օժանդակությամբ իրականացվող Զինված ուժերում մարդու իրավունքների բարելավման, բարեվարքության սկզբունքների ամրապնդման, մարդասիրական ականազերծման հայկական կենտրոնի ինստիտուցիոնալ կարողությունների և մասնագիտական հմտությունների կատարելագործմանն ուղղված տարատեսակ համատեղ ծրագրերի շարունակական իրականացումը: Շնորհավորելով դեսպան Ավակովին ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ Սեյրան Օհանյանը հույս է հայտնել, որ դեսպանի պաշտոնավարման ընթացքում ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հետ համագործակցությունը կներառի նաև նոր ոլորտներ, ինչպիսին է, օրինակ, առաջիկա համապետական ընտրություններին զինծառայողների ընտրելու իրավունքի պատշաճ երաշխավորումը:
Դեսպան Ավակովն իր հերթին վստահություն է հայտնել, որ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և ՀՀ պաշտպանության նախարարության միջև հաստատված արդյունավետ համագործակցությունը շարունակական կլինի:
Հանդիպման ավարտին Սեյրան Օհանյանը դեսպան Ավակովին մաղթել է հաջողություններ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնում: