Անցկացվել են ցուցադրական վարժանքներ
25 Փետրվարի, 2014 00:00ՀՀ կառավարության համապատասխան որոշման համաձայն` պատերազմական իրավիճակի առաջացման դեպքում մի շարք քաղաքացիական բուժհաստատություններ, ստանալով զինվորական հոսպիտալի կարգավիճակ, գործելու են ՀՀ ՊՆ ենթակայության ներքո:
Այսօր` փետրվարի 25-ին, ՀՀ մարզերից մեկում անցկացվեց վերոհիշյալ գործընթացի բոլոր փուլերը ներկայացնող ցուցադրական զորավարժություն: Վարժանքին ներկա էին ՀՀ պաշտպանության և առողջապահության նախարարներ Սեյրան Օհանյանն ու Դերենիկ Դումանյանը, ՀՀ նախագահին կից գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը, մարզպետներ, տարածքային ինքնակառավարման մարմինների և առաղջապահության ոլորտի ներկայացուցիչներ, այլ պաշտոնյաներ:
ՀՀ պաշտպանության և առողջապահության նախարարությունների համապատասխան մասնագետների ներգրավմամբ Գլխավոր ռազմական տեսչության կողմից մշակված ծրագրի նպատակն է կանոնակարգել պատերազմական իրավիճակի առաջացման դեպքում բուժհաստատություններում իրականացվելիք գործընթացը, ստեղծել դրա համար անհրաժեշտ փաստաթղթային փաթեթը:
Սեյրան Օհանյանն ու Դերենիկ Դումանյանը հետևել են քաղաքացիական բուժհաստատությունում անցկացվող վարժանքներին, տվել են համապատասխան ցուցումներն ու կարգադրությունները դրանք առավել կազմակերպված և օպերատիվ իրականացնելու նպատակով:
Առաջիկայում նմանաբնույթ ցուցադրական վարժանքներ կանցկացվեն նաև այլ քաղաքացիական բուժհաստատություններում: