ՀՀ ՊՆ 2017 - 2018 Թ.Թ. ԾՐԱԳՐԵՐ

ՀՀ ՊՆ 2017 ԹՎԱԿԱՆԻՆ ՆԱԽԱՁԵՌՆԱԾ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ, ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԳԵՐԱԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

2017 թվականի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարության կողմից ապահովվել են ՀՀ կառավարության 2017 թվականի գործունեության միջոցառումների ծրագրով և գերակա խնդիրներով սահմանված, ինչպես նաև ՀՀ Սահմանադրության փոփոխություններով պայմանավորված՝ պաշտպանության ոլորտի մի շարք օրենսդրական ակտերի ընդունման և գործող ակտերում փոփոխությունների իրականացման գործընթացը, որի արդյունքում ընդունվել են «Պաշտպանության մասին» և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքները, իսկ «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին», «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին», «Ռազմական ոստիկանության մասին», «Ռազմարդյունաբերական համալիրի մասին», «Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում կատարվել են փոփոխություններ:

«Պաշտպանության մասին» ՀՀ օրենքով միավորվել են նախկինում գործող` «Պաշտպանության մասին», «Զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի մասին» ու «Պաշտպանության նպատակով տրանսպորտային միջոցների օգտագործման մասին» ՀՀ օրենքներով կարգավորվող հարաբերությունները, որի արդյունքում հստակեցվել են պաշտպանության ոլորտում Ազգային ժողովի, կառավարության, Անվտանգության խորհրդի, վարչապետի, պաշտպանության նախարարության և պաշտպանության նախարարի, պետական և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց լիազորությունները, անկախ կազմակերպական իրավական ձևից կազմակերպությունների և քաղաքացիների պարտականությունները, զինված ուժերի և այլ զորքերի գործունեությունը, քաղաքացիների զինապարտության և զինվորական հաշվառման, զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի ապահովման հետ կապված հարաբերությունները:

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով միավորվել են նախկինում գործող` «Զինվորական ծառայություն անցնելու մասին», «Զինապարտության մասին» և «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքներով կարգավորվող հարաբերությունները, որի արդյունքում հստակեցվել են զինվորական ծառայության կազմակերպման սկզբունքները և ձևերը, զինվորական ծառայության տեսակները և ժամկետները, զորակոչի, պարտադիր և պայմանագրային զինվորական ծառայության, պահեստազորային հաշվառման ու պահեստազորային պատրաստության կազմակերպման և իրականացման գործընթացը, զինծառայողների դրամական ապահովության, զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների, զինծառայողներին հավասարեցված անձանց սոցիալական և իրավական երաշխիքների հետ կապված հարաբերությունները, օրենսդրորեն ամրագրվել են ոլորտում նոր քաղաքականությունները, ներառյալ «Պատիվ ունեմ» և «Ես եմ» ծրագրերը:

Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ կառավարություն են ներկայացվել և արդյունքում ընդունվել են պաշտպանության ոլորտի համար կարևորագույն նշանակություն ունեցող հետևյալ ՀՀ կառավարության որոշումները՝

  • «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մաuին» ՀՀ օրենքի կիրակումն ապահովելու մասին» 02.02.2017թ. N 86-Ն որոշումը,
  • «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի` հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների բնակարանային ապահովության կարգը հաստատելու մասին» 10.08.2017թ. N 1016-Ն որոշումը,
  • «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններում զինվորական ծառայություն անցնելու ցանկություն հայտնած շարքային կազմի պարտադիր զինծառայողի հետ պայմանագիր կնքելու կարգը սահմանելու մասին» 21.12.2017թ. N 1675-Ն որոշումը:

ՀՀ կառավարության 2017 թվականի գերակա խնդիրների համաձայն ՀՀ պաշտպանության նախարարության ուղղությամբ գերակա խնդիր է ճանաչվել` Ռազմավարական զսպման համակարգի զարգացումը:

Գերակա խնդրի իրականացմանն ուղղված քայլեր են նախատեսվել` ՀՀ զինված ուժերի հարվածային և կրակային խոցման հնարավորությունների ավելացումը, հետախուզական հնարավորությունների ավելացմամբ վաղ հայտնաբերման համակարգի ընդլայնումը, պետական և ռազմական կառավարման համակարգի կատարելագործումը, միջազգային դաշնակցային, գործընկերային և իրավապայմանագրային հարաբերությունների զարգացումը:

Գերակա խնդրի նպատակն է եղել ավելացնել Հայաստանի Հանրապետության նկատմամբ ցանկացած բնույթի զինված ոտնձգության կանխման հնարավորությունները, բարձրացնել Հայաստանի Հանրապետության պաշտպանունակության մակարդակը, ՀՀ ռազմական անվտանգության համակարգը համապատասխանեցնել ռազմական սպառնալիքների գնահատված (կանխատեսված) զարգացումներին և ՀՀ Սահմանադրության փոփոխություններին, ընդլայնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության ապահովման միջազգային ռազմաքաղաքական և ռազմական երաշխիքները, ստեղծել անհրաժեշտ պայմաններ հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու եղանակը հակառակորդին պարտադրելու համար:

Գերակա խնդրի իրականացմանն ուղղված քայլերի շրջանակներում իրականացվել է ՀՀ զինված ուժերի կառուցվածքի և զորքերի կառավարման համակարգի վերանայում, մշակվել և 2018 թվականի հունվարին Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ է ներկայացվել «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի 2018-2024 թվականների արդիականացման ծրագիրը, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի 2018-2024 թվականների զարգացման պլանը և Հայաստանի Հանրապետության սպառազինության և ռազմական տեխնիկայի 2018-2024 թվականների զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրի նախագիծը:

Միջազգային դաշնակցային, գործընկերային և իրավապայմանագրային հարաբերությունների զարգացման շրջանակներում շարունակվել են հիմնական ուղղություններով (ՀԱՊԿ, ԱՊՀ, ՆԱՏՕ, Եվրամիություն, ՌԴ, ԱՄՆ, Գերմանիա, Իտալիա, Հունաստան, Լիբանան, Բելառուս, Չինաստան, Իրան, Վրաստան) դաշնակցային ու գործընկերային հարաբերությունների զարգացման աշխատանքները: Մասնավորապես, սահմանված կարգով ուժի մեջ են մտել հետևյալ համաձայնագրերը. 

  • «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև` Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման մասին», 
  • «Ռուսաստանի Դաշնության կառավարության և Բելառուսի Հանրապետության կառավարության միջև «Պաշտպանական համակարգեր» միջպետական ֆինանսաարդյունաբերական խմբի ստեղծման մասին 2000 թվականի փետրվարի 11-ի համաձայնագրին Հայաստանի Հանրապետության կառավարության միանալու մասին»,
  • «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև 2013 թվականի հունիսի 25-ի` «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին» պայմանագրի շրջանակներում մատակարարվող ռազմական նշանակության արտադրանքի առկայության և նպատակային օգտագործման նկատմամբ հսկողության իրականացման կարգի մասին»,
  • «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին», 
  • «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետության կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին»,
  • «Հայաստանի Հանրապետության և ՆԱՏՕ-ի ապահովման և մատակարարման կազմակերպության միջև համագործակցության աջակցության մասին» համաձայնագրերը: 

Հաշվետու ժամանակահատվածում հաստատվել է Հայաստանի Հանրապետություն-ՆԱՏՕ 2017-2019թթ. Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը:

2018 թվականի ընթացքում նախատեսվում է՝

  • ապահովել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի 2018-2024 թվականների զարգացման պլանով և Հայաստանի Հանրապետության սպառազինության և ռազմական տեխնիկայի 2018-2024 թվականների զարգացման պետական ծրագրով 2018 թվականի համար սահմանված միջոցառումների ամբողջական իրականացումը,
  • ապահովել 2017 թվականին ընդունված պաշտպանության ոլորտի օրենքների կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական ակտերի ընդունման գործընթացը, ներառյալ «Պատիվ ունեմ» ծրագրի շրջանակներում ուսումնառության ընթացքում ռազմական պատրաստություն անցնելու և ՀՀ պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններով զինվորական ծառայություն անցնելու քաղաքացիաիրավական պայմանագիր կնքած քաղաքացիներին նպատակային ուսումնառության համար տարկետում տալու և «Ես եմ» ծրագրի շրջանակներում զինվորական ծառայություն անցած զինծառայողներին զինվորական ծառայությունն ավարտելիս պատվովճար հաշվարկելու կարգերը (ենթաօրենսդրական ակտերի ներկայացման ժամկետները հստակ սահմանված են համապատասխան օրենքների կիրարկումն ապահովող ՀՀ վարչապետի որոշումներում),
  • ապահովել սպայական կազմի համար նախատեսված՝ բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու նպատակով մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիպոթեկային վարկավորման պետական ծրագրերից օգտվելու իրավահարաբերությունների կարգավորումը (կարգավորիչ իրավական ակտի ներկայացումը ՀՀ կառավարություն՝ 2018թ. մարտ ամիս, 2018 թվականի համար ապահովել սպայական կազմի 500 զինծառայողների ընդգրկումը հիպոթեկային ծրագրին),
  • ապահովել ռազմաբժշկական և ռազմաուսումնական հաստատությունների օպտիմալացման և գործունեության որակի բարձրացման գործընթացը, որի շրջանակներում մի շարք ռազմաբժշկական հաստատությունների գործունեության ոլորտում ներառվելու են նաև բնակչության բժշկական օգնության և սպասարկման գործառույթներ, իրականացվելու է ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաուսումնական հաստատությունների միավորում (կարգավորիչ իրավական ակտերի ներկայացումը ՀՀ կառավարություն՝ 2018թ. մարտ-մայիս ամիսներին),
  • իրականացնել զինվորական կոմիսարիատի համակարգի բարեփոխումներ, որի արդյունքում 2/3-ով օպտիմալացվելու են տարածքային զինվորական կոմիսարիատները, հստակ սահմանվելու է համակարգի գործառութային ողջ համալիրը, ներառյալ զինվորական հաշվառման էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման միջոցով (կարգավորիչ իրավական ակտերի ներկայացումը ՀՀ կառավարություն՝ 2018թ. ապրիլ ամիս, գործունեության ամբողջական ապահովում տարվա ընթացքում):