ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան

ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ը բացվել է 2016 թ. հունվարի 28-ին: Համալսարանն ստեղծվել է ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի հիմքի վրա:

Հայաստանում ՊԱՀՀ-ի ստեղծման նախագիծը 2003 – 2004 թթ. մշակվել և փորձաքննվել է ԱՄՆ-ի Պաշտպանական ազգային համալսարանում քաղաքական գիտությունների դոկտոր, գնդապետ (ներկայումս ՊԱՀՀ-ի պետ, պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ, պրոֆեսոր) Հ. Քոթանջյանի ակադեմիական ստաժավորման ընթացքում:

Համալսարանի նպատակն է Հայաստանի անվտանգային-պաշտպանական համակարգի արդյունավետության մակարդակի բարձրացումը` հետազոտական և կրթական գործունեությունների կամրջմամբ: Համալսարանի խնդիրների թվում են տարածաշրջանային անվտանգության դինամիկայի, կիբեռանվտանգության, տեղեկատվական-հաղորդակցային տեխնոլոգիաների, ինչպես նաև կիբեռթվային ռեսուրսների կառավարման ուղղություններով կատարվող հետազոտությունները: Դրանց հիման վրա Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությանը ներկայացվում են համապատասխան վերլուծություններ և առաջարկություններ, ինչը նպաստում է գիտականորեն հիմնավորված ռազմավարական որոշումների ընդունմանը, ինչպես նաև ղեկավար կազմի քաղաքական-անվտանգային գիտելիքների ընդլայնմանը:

Իր գործունեության ընթացքում ՊԱՀՀ-ը սերտ գիտակրթական կապեր է հաստատել անվտանգային քաղաքագիտության ոլորտում աշխարհի առաջատար կենտրոնների` ԱՄՆ-ի Պաշտպանական ազգային համալսարանի ու Հարվարդի համալսարանի Սևծովյան անվտանգության ծրագրի, Արտաքին քաղաքականության ամերիկյան խորհրդի, ՌԴ ԱԳՆ Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի ու ՌԴ Նախագահին առընթեր պետական ծառայության ակադեմիայի, Քաղաքական գիտության ռուսաստանյան ասոցիացիայի, ՀԱՊԿ-ի գիտափորձագիտական խորհրդի, Լիոնի «Ժան Մուլին» համալսարանի, բրիտանական «Չատեմ Հաուզի», Իսրայելի` Արևելյան Եվրոպայի և ԱՊՀ երկրների ինստիտուտի ու Երուսաղեմի համալսարանի, Ստամբուլի «Քադիր Հաս» համալսարանի և այլ հաստատությունների հետ։

 

ԿԱՊ՝

ՊԱՀՀ-ի հասցեն` ք. Երևան, 0037, Կ. ՈՒլնեցու փ. 56/6

Հեռ. +374 10 28 73 21, էլ. փոստ` info.ndru@gmail.com

ՊԱՀՀ-ի պաշտոնական բլոգ-կայք` http://razmavaraget.wordpress.com