Պաշտոնական այցով Հայաստանում է Վրաստանի պաշտպանության նախարարը

27 Փետրվարի, 2020
Փետրվարի 27-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած պատվիրակությունը:

ՀՀ ՊՆ վարչական համալիրում Վրաստանի պաշտպանության նախարարի դիմավորման պաշտոնական արարողությունից հետո կայացել է Հայաստանի Հանրապետության և Վրաստանի  պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների առանձնազրույցը, որին հաջորդել է պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը:

Քննարկվել են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանըպաշտպանական ոլորտում երկու երկրների համագործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաև Հայաստանի և Վրաստանի մասնակցությամբ բազմակողմ ձևաչափով փոխգործակցության հնարավորությունները։

Դավիթ Տոնոյանը և Իրակլի Ղարիբաշվիլին ստորագրել են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Վրաստանի պաշտպանության նախարարության միջև պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության 2020թ ծրագիրը։

Հանդիպման արդյունքներով երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ:

Այցի շրջանակում Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած պատվիրակությունն այցելելու է նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին:

  • Տարածել