ՀՀ ՊՆ պատվիրակության այցը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն

14 Փետրվարի, 2020
ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Ալեքսանդր Ավետիսյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 11-ից 13-ը մասնակցել է Բեռլինում անցկացված «Ներքին առաջնորդություն» թեմայով դասընթացին: Պատվիրակության կազմում ընդգրկված էին զորամիավորումների հրամանատարների բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալներ, ՀՀ ԶՈւ ԳՇ ԲՀԱ վարչության սպաներ, ՀՀ ՊՆ ՄԻԲ կենտրոնի ներկայացուցիչներ:

Այցի նպատակն էր ծանոթանալ Գերմանիայի զինված ուժերում «ներքին առաջնորդության» (Innere Führung) հայեցակարգի ներդրման փորձառությանը: Հայեցակարգը, որն իր մեջ խտացնում է նաև «համազգեստով քաղաքացի» սկզբունքի իրականացումը,  Բունդեսվերի ինստիտուցիոնալ մշակույթի առանցքն է և զինված ուժերի անձնակազմի առաջնորդության ու փոխհարաբերությունների կառուցման հիմնարար սկզբունքը:

Հաշվի առնելով, որ Գերմանիայի զինված ուժերը հայեցակարգի ներդրման շնորհիվ լուրջ հաջողություններ են գրանցել զինծառայողների իրավունքների և ազատությունների պաշտպանության, զինված ուժերում բարոյահոգեբանական մթնոլորտի ամրապնդման ուղղությամբ, այցի շրջանակներում ուսումնասիրվել է գերմանական կողմի փորձը ՀՀ զինված ուժերում կիրառելու հնարավորության հեռանկարը:

ՀՀ ՊՆ պատվիրակությունն այցի շրջանակում եղել է նաև Գերմանիայի զինված ուժերի հարցերով խորհրդարանական հանձնակատարի գրասենյակում և Գերմանիայի զինված ուժերի ասոցիացիայում:

  • Տարածել