ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն աշխատանքային այցով Միացյալ Նահանգներում է

27 Մարտի, 2019 23:43
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՄԱԿ-ի խաղաղապահության պաշտպանության նախարարների համաժողովին մասնակցելու նպատակով, մարտի 26-ին մեկնել է ԱՄՆ:

Մարտի 27-ին Դավիթ Տոնոյանը հանդիպել է Կանզասի նահանգապետ Լորա Քելլիին (Laura Kelly)։ Հանդիպման ընթացքում Կանզասի Ազգային Գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Լի Թաֆանելին նահանգապետ Քելլիին է ներկայացրել Հայաստանի պաշտպանական գերատեսչության և Կանզաս նահանգի միջև ռազմական համագործակցության հիմնական ուղղությունները և իրականացվող ծրագրերը։ Նախարար  Տոնոյանը շնորհակալություն է հայտնել Լորա Քելլիին՝ նահանգի Ազգային Գվարդիայի հետ հաստատված արդյունավետ համագործակցության համար։ Նախարար Տոնոյանն ու նահանգապետ Քելլին քննարկել են փոխշահավետ համագործակցությունն առավել խորացելու հնարավորությունները։ 

Դավիթ Տոնոյանը նահանգապետին է հանձնել պատմական փաստաթղթերի փաթեթ, որում ներկայացված են ԱՄՆ-ի կողմից վերջին մեկ դարում իրականացված հումանիտար առաքելությունների հետ կապված դրվագներ՝ ուղղակիորեն առնչվող Հայաստանի և հայ ժողովրդի հետ։ Նահանգապետ Քելլին, իր հերթին, տեղեկացրել է, որ 2019թ. մարտի 27-ը հռչակվել է որպես Հայաստանի Հանրապետության և ամերիկյան Կանզաս նահանգի միջև համագործակցության օր և Դավիթ Տոնոյանին փոխանցել համապատասխան հռչակագիրը:

  • Տարածել