Բանակի օրվա առթիվ Մայր աթոռում մատուցվել է Սուրբ պատարագ
27 Հունվարի, 2019 17:38Սրբազան արարողությանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը, ԶՈՒ բարձրաստճան սպայական կազմը, Հայ Եկեղեցու թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի միաբաններ:
Սուրբ պատարագի ավարտին, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվել է Հայրապետական մաղթանք` ի շենություն և ի պայծառություն Հայաստան աշխարհի ու Հայոց բանակի:
Հայրապետական մաղթանքից հետո Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում տեղի է ունեցել պաշտոնական ընդունելություն: Ի գնահատություն Հայրենիքին ու հավատավոր ժողովրդին մատուցած ծառայությունների, Վեհափառ Հայրապետը Զինված ուժերի հոգևոր առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի միջնորդությամբ Հայ եկեղեցու «Սուրբ Ներսես Շնորհալի» շքանշանով պարգևատրել է մի շարք բարձրաստիճան զինվորականների: Մայր Աթոռի բարձրագույն պարգևի արժանացել է նաև ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով այսուհետ բոլոր զինվորականներն իրենց համազգեստին կկրեն «Աշոտ Երկաթ» խաչ-կրծքանշանը: Ընդունելությանը ներկա զինվորականներին հանձնվել են կրծքանշանի առաջին օրինակները: