Նիկոլ Փաշինյանը և Դավիթ Տոնոյանն այցելել են մարտական հենակետ և հետևել մարտավարական զորավարժությանը

16 Նոյեմբերի, 2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանի ուղեկցությամբ նոյեմբերի 16-ին այցելել է ՀՀ ՊՆ N զորամասի մարտական հենակետ և զորավարժարանում հետևել ցուցադրական հատուկ մարտավարական հարձակողական զորավարժություններին:

Նիկոլ Փաշինյանը և Դավիթ Տոնոյանը ծանոթացել են առաջնագծում առկա իրավիճակին: Նրանց են ներկայացվել ինժեներական և ամրաշինական կառուցվածքները, հուսալի պաշտպանություն իրականացնելու նոր տեխնոլոգիաները, դիրքերում անձնակազմի անվտանգության բարձրացմանն ուղղված աշխատանքներն ու տեխնիկական հագեցվածությունը:

Նիկոլ Փաշինյանն ուսումնական կետում հետևել է բարդ լեռնային տեղանքում անցկացվող մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժությանը, որի ընթացքում գրոհային մարտավարական խմբերը գործել են բնագծերի բարելավման ուղղությամբ:

Կառավարության ղեկավարի պաշտոնակատարը զրուցել է մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների և հրամանատարների հետ, շնորհակալություն հայտնել նրանց անձնվեր ծառայության համար, խրախուսել դիրքապահ զինծառայողներին և մաղթել առողջություն ու խաղաղ ծառայություն:

  • Տարածել