Ստորագրվել է ՀՀ պաշտպանության նախարարության և բժշկական համալսարանի համագործակցության մասին հուշագիր
15 Նոյեմբերի, 2018 21:17Վստահություն հայտնելով, որ համագործակցությունը կնպաստի ԵՊԲՀ կլինիկական ամբիոնների և ռազմաբժշկական հաստատությունների առկա հնարավորությունների և փորձի համատեղ կիրառմանն ու ամրապնդմանը՝ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն ու պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանն ընդգծել են, որ այսկերպ օրենսդրական հիմք են ստանում մի շարք կարևոր դրույթներ: Մասնավորապես՝ այսուհետ ընթացք կտրվի ռազմաբժշկական հաստատություններում զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման գործընթացին: Բացի այդ, ռազմաբժշկական հաստատությունների բժիշկ-մասնագետները կներգրավվեն ԵՊԲՀ կրթական, գիտական և կլինիկական գործունեությանը:
Հուշագրի համաձայն՝ պաշտպանության նախարարության ռազմաբժշկական հաստատությունները համարվում են բժշկական համալսարանի կրթական ծրագրերի շրջանակներում կլինիկական առարկաների յուրացման, ինչպես նաև ուսուցման մեթոդների կիրառման միջոցով համապատասխան գիտելիքների, հմտությունների, կարողությունների ձեռքբերման բազաներ: