ՀՀ պաշտպանության նախարարի այցը հանրապետության հարավարևմտյան սահմանագոտի
21 Հուլիսի, 2018 20:58ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հուլիսի 21-ին այցելել է հանրապետության հարավարևմտյան սահմանագոտի, շրջել մարտական հենակետերով, զրուցել դիրքապահ անձնակազմի հետ։ Այնուհետև նախարար Տոնոյանը զորամասի ղեկավար կազմի հետ քննարկել է առաջնագիծը վերազինելու գործընթացի շարունակականությանը վերաբերող հարցեր և տվել հանձնարարականներ։
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը մարտական հերթապահության ընթացքում աչքի ընկած մի խումբ զինծառայողների խրախուսական նվերներ է հանձնել։
Հարավային զորամասերից մեկում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել սահմանային իրավիճակի, առաջնագիծը ինժեներական նոր լուծումներով հագեցնելու և անհրաժեշտ սարքերով համալրելու հետ կապված մի շարք հարցերի։
Այցի ընթացքում Դավիթ Տոնոյանը եղել է նաև Մեղրի համայնքում, որտեղ ավարտին է մոտենում սպայական շենքերի շինարարությունը։ Նախարարը շրջել է նորակառույց շինություններում, ծանոթացել պայմաններին, համապատասխան ծառայությունների ղեկավարների հետ քննարկել սպաների բնակավորման հարցերը։ Մեղրիում կառուցվող սպայական շենքերը շահագործման կհանձնվեն օգոստոս ամսին։