ՀՀ պաշտպանության նախարարի այցը հանրապետության հարավարևմտյան սահմանագոտի
6 Հուլիսի, 2018 19:35ՀՀ պաշտպանության նախարարը զորամիավորման հրամանատարության ուղեկցությամբ տեղում ծանոթացել է սահմանային օպերատիվ իրավիճակին, մարտական ծառայության և մարտական հերթապահության կրման պայմաններին, ընթացող ինժեներական աշխատանքներին և թիկունքային ապահովման խնդիրներին:
Ընդգծելով, որ հայկական կողմը ցանկություն չունի սրել իրավիճակը սահմանագոտու նախիջևանյան հատվածում, Դավիթ Տոնոյանը համապատասխան հանձնարարականներ և ցուցումներ է տրվել հրամանատարական կազմին` զգոնությունը չթուլացնելու և հակառակորդի ստորաբաժանումների ակտիվության դեպքում համարժեք գործողություններ ձեռնարկելու վերաբերյալ։
Այցի ընթացքում պաշտպանական գերատեսչության ղեկավարը գերազանց ծառայության համար խրախուսել է դիրքապահ զինծառայողներին և խաղաղ ու անվտանգ ծառայություն մաղթել:
Ավելի ուշ Դավիթ Տոնոյանն այցելել է Սիսիանի բժշկական կենտրոն, հանդիպել բուժհաստատության անձնակազմի հետ և քննարկել քաղաքացիական հիվանդանոցի և զինվորական հոսպիտալի գործառույթների համադրմանն ու ներդաշնակ գործունեությանն առնչվող հարցեր։ Պաշտպանության նախարարը պատասխանել է բուժաշխատողների հարցերին և ներկայացրել ծրագրի հեռանկարները:
Պաշտպանության նախարարը եղել է նաև Զանգեզուրի կայազորային հոսպիտալում, ծանոթացել շենքային պայմաններին, բուժսպասարկման որակին և տեխնիկական հագեցվածությանը։
Այցի ավարտին պաշտպանության նախարարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների մասնակցությամբ: