ՄՈՆԹԵԱԿԱՆՆԵՐԻ ՓԱՌԱՀԵՂ ՀԱՂԹԱՐՇԱՎԸ

14 Մարտի, 2013
«Փառահեղ». այսպես կարելի է բնութագրել փետրվարի 12-ից 23-ը ՌԴ Պերմ քաղաքում հերթական անգամ կայացած «Պատանի հայրենասերների» 11-րդ միջազգային հավաքում ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի թիմի հաղթանակը: Թիմը ներկայացնող վարժարանի սաները՝ Հովհաննեսը, Գուրգենը, Մհերը, Վլադիմիրը, Տիգրանը, Վրեժը, Հովհաննեսը, Յուրան, Արսենն ու Մհերը, իրենց ցուցաբերած արդյունքներով գերազանցեցին շուրջ 40 թիմի եւ գրավեցին 1-ին պատվավոր տեղը:

Ինչպե՞ս սաներին տրվեց հաղթանակը, ի՞նչ ձեռք բերեցին նրանք միջազգային այդ հավաքից, ո՞րն է հաղթելու գրավականը` այս հարցերի շուրջ հաղթողների հետ զրուցել է «Հայ զինվոր» թերթի թղթակիցը:

Հովհաննես Ղուկասյանը երկրորդ անգամ էր մասնակցում հավաքին. 2012 թ. վարժարանի թիմը զբաղեցրել էր 2-րդ տեղը. «Անցած տարվա մասնակիցներից հինգս ընդգրկվել էինք այս տարվա թիմում, իսկ սաներից հինգն էլ առաջին անգամ էին մասնակցում: Նախորդ տարվա մասնակիցներս հաղթելու հնարավորությունը բարձրացրինք նոր մակարդակի, իսկ նոր մասնակիցները աչքի ընկան առաջին տեղը նվաճելու ձգտումով: Մենք հաղթահարեցինք մեր առջև դրված բարդ ու դժվարին խնդիրները, որոնք ուղեկցվում էին ձմռան ցրտաշունչ օրերով, անտառային բարդ բնակլիմայական պայմաններով` վրանային ավանում: Սակայն պետք է նշեմ, որ այս տարի այդքան ցուրտ չէր` մինուս երեսուն, անցած տարվա մինուս քառասունի փոխարեն: Մենք հաղթեցինք, որովհետեւ աչքի ընկանք նաեւ կարգապահությամբ, ընկերասիրությամբ: Մեր թիմի անդամներն ընդգրկված էին տարբեր դասակներում, կարեւոր էր մարդկային եւ հանրային որակների դրսեւորումը: Շփման եզրեր գտնելու համար հայկական անեկդոտները թարգմանում էի ռուսերեն եւ պատմում, բոլորը ծիծաղում էին եւ պահանջում` «էլի՛ պատմիր»: Կցանկանայի, որ մեր վարժարանում էլ աղջիկներ սովորեն, ինչպես, օրինակ՝ Պերմի վարժարանում»:

Հովհաննեսը նշում է, որ ամենատպավորիչը այն ուրախությունն էր, որ իրենք ապրեցին. «Մրցանակաբաշխության ժամանակ հայտարարեցին, թե Հայաստանը ներկայացնող թիմը զբաղեցրել է երկրորդ տեղը, թեեւ մենք հաշվարկել էինք նախնական արդյունքները եւ վստահ էինք, որ հաղթել ենք: Գլխիկոր քայլում էինք դեպի բեմ, մեկ էլ հայտարարեցին, որ շփոթմունք է տեղի ունեցել, եւ մեզ շնորհեցին առաջին մրցանակը»:

Ավետիսյան Արսենը ինքնաձիգի քանդում-հավաքում մրցույթին մասնակցել է Հովհաննես Ղուկասյանի հետ: Նրանք զբաղեցրել են առաջին տեղը. «Ղուկասյանը ատրճանակ էր քանդում- հավաքում, այնուհետեւ ես էի շարունակում վարժությունը, պետք է նաեւ լիցքավորեինք պահեստատուփն ու կրակեինք: 2 րոպե 50 վայրկյանում այդ ամենից գլուխ հանեցինք»:

Այդուհանդերձ, Արսենի համար ամենահիշվողը ոչ թե մրցման դրվագներն են, այլ՝ Ալյոնայի հետ ծանոթության օրը. «Ալյոնան Պերմի վարժարանի սան է, հուսով եմ` նամակային կապ կպահպանենք, վերադառնալուց հետո փորձում եմ ռուսերենս լավացնել»: Արսենը վստահ է, որ հաղթանակը տրվում է այն թիմին, որի ներսում մարդկային հարաբերությունները առողջ են. «Թիմեր կային, որոնց անդամները միմյանց հանդեպ հարգալից չէին, լարվածությունը մեծ էր, ինչպե՞ս կարող էին նրանք հաղթել: Մենք անընդհատ կատակում էինք, օգնում բոլորին, այդ պատճառով էլ բոլորը ասում էին` «արմյանե սամիյե լուչշիյե»: Կարողանում էինք բարձր տրամադրություն ստեղծել. մի անգամ շարք էինք կանգնել, ես վերջինն էի, երբ հերթը հասավ ինձ, փոխանակ ասեմ` 36-րդ, ասացի` «պոսլեդնիյ», այնքան ծիծաղեցինք, լարվածությունը թոթափեցինք»:

Եպիսկոպոսյան Վլադիմիրն էլ աչքի էր ընկել կողքիններին օգնելու պատրաստակամությամբ: Ընկերները պատմում են, որ բոլորին օգնում էր ամրացնել վրանները, տեղադրել վառարանները, եթե մեկը հոգնում էր, պարտադիր մոտենում էր, վերցնում ձեռքից գործիքներն ու աշխատանքը ավարտին հասցնում. «Նոր ընկերների ձեռքբերում, այլազգի ներկայացուցիչների հետ շփում, սրանով է հավաքը ինձ համար կարեւոր: Ես հաղթահարեցի արգելագոտին 1 րոպե 25 վայրկյանում: Երկրորդ ցուցանիշն էր: Որոշակի անհարմարություն էր ստեղծում հարթակի սառած լինելը, եթե ընկնեի, պետք է հետ գնայի ու նորից սկսեի վարժությունը: Քանի որ ժամանակին թեթեւ ատլետիկայով էի զբաղվել, կարողացա գլուխ հանել»:

Դավթյան Մհերը համոզված է, որ նախորդ տարիների փորձն է օգնել իրենց առաջին տեղը զբաղեցնել, նաեւ` միասնականությունը. «Մենք մրցումներին պատրաստ էինք թե՛ ֆիզիկապես (սովորել էինք ցրտին դիմանալ, քանի որ տարվա ընթացքում արշավների ենք գնացել, ֆիզպատրաստության դասաժամերին կոփվել), թե՛ հոգեպես (մեզնից յուրաքանչյուրն ընդգրկվել էր տարբեր դասակներում, հոգեբանորեն դժվար է հարմարվել նոր մարդկանց, հատկապես, եթե նրանք տարբեր լեզուներով են խոսում, իրենց սովորություններն ունեն): Ինձ օգնեց այն, որ իմ դասակում էր անցած տարվա մասնակիցներից` Ալմիրան, ում հետ ես ընկերացել էի»:

Մհերը կրակային պատրաստությունից անցկացված վարժության արդյունքում վաստակել է 29 միավոր` նախատեսված 30-ից` զբաղեցնելով երրորդ տեղը. «Գործնական պարապմունքների ժամանակ զենքը սառած էր, վատ էր կրակում, այդ պատճառով ոչ մի թիրախ չէի խոցել: Մի քիչ հուսահատվել էի, բայց մրցման ժամանակ զենքը տաքացրել էին, ամեն ինչ ստացվեց: Լավ կրակելու համար պետք է կարողանաս կառավարել շնչառությունդ»:

Իսրայելյան Հովհաննեսը կարծում է, որ այս տարի ֆիզիկապես ավելի լավ էին պատրաստված, ծանոթ էին անցկացվող մրցումների յուրահատկություններին. «Ես գերազանց արդյունք արձանագրեցի պտտաձողից կախ ձգում վարժությունից, 105 միավոր վաստակեցի` կատարելով տարբեր բարդությունների 35 ձգում առանց ընդմիջման: Հաջողության հասնելու համար ինքդ քո հանդեպ պետք է շատ ավելի խստապահանջ լինես: Մինչ վարժարան ընդունվելս միայն բասկետբոլով եւ ֆուտբոլով էի զբաղվում, վարժարանում ձեռք բերեցի ֆիզիկական նոր ունակություններ, իսկ հավաքի ընթացքում եւս մեկ անգամ համոզվեցի` ռազմական գործով զբաղվելու որոշումս ճիշտ է, սովորելու եմ օդադեսանտային ուսումնարանում»:

Մանասյան Յուրան մեր թիմի առավելությունն է համարում համակարգված գործելու ունակությունը. «Ես պետք է սողեսող հաղթահարեի արգելագոտին եւ նետեի նռնակը` խոցելով թիրախը: Երկրորդ տեղ զբաղեցրի: Անցած տարի երեք նռնակից ոչ մեկը չէր դիպել թիրախին, իսկ այս տարի առաջին իսկ նետումը դիպուկ էր: Բոլորս հետաքրքրասիրությամբ էինք մասնակցում նաեւ անցկացվող գործնական պարապմունքներին հետևյալ առարկաներից` հակահրդեհային պատրաստություն, քաղաքացիական պաշտպանություն, փրկարար ծառայություն, օդային տեսադիտում, մարտավարական պատրաստություն, ներքին զորքերի մարտավարություն, ռազմական տեղագրություն, մարտավարամասնագիտական պատրաստություն, փորձագիտություն եւ այլն»:

Յուրան ուզում է հետախույզ դառնալ:

Մարտիրոսյան Մհերն առաջին անգամ էր մասնակցում հավաքին եւ, ինչպես ինքը նշեց, Պերմ էր մեկնել առաջին տեղը զբաղեցնելու հաստատակամությամբ. «Մասնակցել եմ «հակահրդեհային պատրաստություն» մրցույթին, երրորդ ցուցանիշն ենք արձանագրել: Լավագույնը Պերմի վարժարանն էր, երկրորդ տեղն էլ զիջել էինք Սուվորովի անվան վարժարանին` միլիվայրկյանների տարբերությամբ: Տասը օրվա ամենատպավորիչ փորձությունը անտառում գտնվող ահաբեկչին գտնելն ու վնասազերծելն էր: Մեր դասակը նման առաջադրանք էր ստացել: Հարցրին` ով է ուզում ստանձնել թիմի ավագի պարտականությունները, ես ցանկություն հայտնեցի: Դասակի կազմում 35 սաներ էին, որոնցից միայն ես էի հայ: Մարտավարություն մշակեցի, թիմը բաժանեցի փոքր խմբերի, զինվեցինք ավտոմատներով եւ անցանք գործի: Անտառում մեզ վրա անսպասելի կրակ բացեցին, հրաման տվեցի սողեսող մոտենալ հակառակորդին, վերջում նաեւ շանը օգտագործեցի, եւ միասին հաջողությամբ կատարեցինք առաջադրանքը»:

Մկրտչյան Գուրգենը Մհերի հետ մասնակցել է «հակահրդեհային պատրաստություն» մրցույթին. «Խոստովանեմ` մի քիչ լարված էի, բայց ընկերներս կողքից աջակցում էին, ոգեւորում, ինձ դա շատ օգնեց. չէ՞ որ առաջին անգամ էի մասնակցում: Անցած տարի եմ վարժարան ընդունվել տատիկիս խորհրդով: Սկզբում դժվար էր, քանի որ ֆիզիկապես թույլ էի, բայց այն, որ արդեն ընդգրկվել եմ թիմում, նշանակում է հաղթահարել եմ ֆիզիկական դժվարությունները: Այս հաղթանակի շնորհիվ վստահություն ձեռք բերեցի սեփական ուժերիս նկատմամբ եւ այսուհետ ինքս ինձ չեմ թերագնահատի: Մտածում էի` իրավաբան կդառնամ, բայց հավաքից հետո հաստատ որոշել եմ` ռազմական օդաչու եմ դառնալու. օդում շատ եմ եղել` 18 անգամ, քանի որ նախկինում Չելյաբինսկում էի բնակվում եւ հաճախ էի հարազատներիս հյուր գալիս: Տպավորված եմ նաեւ օդային տեսադիտում գործնական պարապմունքից»:

Հայրապետյան Տիգրանը, ի տարբերություն Գուրգենի, առաջին անգամ էր ինքնաթիռ նստում: Ասում է` Երեւանից ՌԴ մեկնումը իր կյանքի ամենահիշվող ու տպավորիչ իրադարձություններից է. «Չնայած երկնքում չէի եղել, բայց դա ինձ չխանգարեց հաղթահարելու տուրիստական արգելագոտին եւ զբաղեցնելու երրորդ տեղը: Դժվարությունը այն է, որ ամբողջ ժամանակ օդում ես, ոտքդ չպետք է հպվի գետնին, փորձում էի հավասարակշռությունս պահել: Նախկինում ծանրաձողով պարապած լինելս օգնեց ինձ. բազուկներիս մկանները զարգացած են, եւ լարվածություն չէի զգում»:

  • Տարածել