Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստը
28 Հուլիսի, 2017 18:41Ամփոփելով նիստի արդյունքները` Վիգեն Սարգսյանը մանրամասն անդրադարձել է պաշտպանության բնագավառում իրականացված ու ընթացիկ բարեփոխումներին, զորակոչի շրջանակներում կատարված աշխատանքներին և զորակոչի ընթացքին, ներդրվող ծրագրերին, ռազմաուսումնական հաստատությունների դիմորդների ու շրջանավարտների վիճակագրությանը, զորամասերում նորակոչիկների ընդունման և ուսուցման կազմակերպման գործընթացին:
Անդրադառնալով զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման ուղղությամբ կատարվող աշխատանքներին, նախարար Սարգսյանը տեղեկացրել է, որ բնակավորման խնդրի լուծումները գտնվում են ակտիվ փուլում, իսկ հաշմանդամ զինծառայողների համար սեպտեմբերին կբացվի միջազգային չափանիշներին համապատասխան սարքավորումներով և անհրաժեշտ մասնագետներով համալրված վերականգնողական կենտրոն:
Ավարտվել է նաև ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան դիմումների ընդունումը և հաստատության սան դարձած պատանիները սեպտեմբերին կհաճախեն Դիլիջանում գտնվող ու բարձրակարգ պայմաններով ապահովված վարժարան: Վիգեն Սարգսյանի համոզմամբ այդ հաստատությունը լինելու է Հայաստանի լավագույն ավագ դպրոցը:
Պաշտպանության նախարարը ներկայացրել է նաև «Ես եմ», «Պատիվ ունեմ» և «Դիտակետ» ծրագրերի հանրային քննարկումների արդյունքները, նշելով, որ այս նախաձեռնությունների վերաբերյալ հասարակության ամենատարբեր շերտերի արձագանքն ու գնահատականը եղել է առավել քան դրական:
Ելույթի ավարտին դիմելով հրամանատարական կազմին` պաշտպանության նախարարը նշել է, որ Հայկական բանակի սպայի հեղինակությունը հասարակության շրջանում առավել բարձրացնելու նպատակով կարևոր է յուրաքանչյուր սպայի անձնական օրինակը: