Հաստատվել է «ArmHiTec-2016» ցուցահանդեսի հայեցակարգը
20 Հուլիսի, 2016 11:30Ցուցահանդեսի թարմացված թեմատիկ ցանկն ընդգրկում է սպառազինությունների և ռազմական տեխնիկայի գործնականում կիրառվող ողջ տեսականին, առաջին պլան մղելով նորարարական տեխնոլոգիաների և բարձր ճշգրտության զենքի մշակումները։
Ցուցահանդեսն ընդգրկում է մարտի կառավարման համակարգեր, հաղորդակցման կապի միջոցներ և համակարգեր, զորքերի կառավարման ավտոմատ համակարգեր, ռոբոտատեխնիկական համակարգեր, անօդաչու ավիացիա, թռչող ապարատներ և համակարգեր, անօդաչու ավիացիայի հետ պայքարի տեխնոլոգիաներ, հայտնաբերման, որոնման և զննման միջոցներ, ճշգրիտ զենք, լազերային տեխնոլոգիաներ, օպտիկական-էլեկտրոնային սարքավորումներ եւ համակարգեր, ՀՕՊ միջոցներ, ռադիոհետախուզության, ռադիոէլեկտրոնային պայքարի և ռադիոհակազդման միջոցներ, «Ապագայի զինվորի» սպառազինություն, տեխնոլոգիաներ, հանդերձանք և այլ թեմատիկ բաժինները:
Ցուցահանդեսի նպատակն է ներկայացնել Հայաստանի և այլ երկրների նորագույն ռազմական տեխնիկան, ռազմարդյունաբերության նորարարական մշակումները: Միջոցառումն առաջացրել է մասնագետների մեծ հետաքրքրությունը՝ բացելով նոր հնարավորություններ առաջավոր փորձի փոխանակման համար, ինչպես նաեւ զգալի ներդրում ունենալով Հայաստանի Հանրապետության միջազգային ռազմատեխնիկական համագործակցության ընդլայմանն ու արտահանման ներուժի ամրապնդմանը։