ԶՈՒ ՌԱԶՄԱԲԺՇԿԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԶՈՒ ՌԱԶՄԱԲԺՇԿԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ

Գայանե Հովհաննիսյան

փոխգնդապետ

ՀՀ ԶՈՒ Ռազմաբժշկական վարչության պետի պաշտոնում նշանակվել է 2017 թվականին:

Ավելին

Վարչության գործունեության մասին

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի վարչությունը կազմավորվել է 1992թ.-ին:  «Բժշկական ծառայողի» օրը նշվում է նոյեմբերի 17-ին:

ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչությունը զինված ուժերի կառուցվածքային ստորաբաժանում է, որը խաղաղ և պատերազմական ժամանակ կազմակերպում է ՀՀ զինված ուժերում անձնակազմի, զինծառայողների, քաղաքացիական հատուկ ծառայողների, նրանց հավասարեցված անձանց, զինծառայողների ընտանիքների անդամների, վարժահավաքներում ընդգրկված զինապարտների ու քաղաքացիների առողջության առաջնային պահպանման, բուժկանխարգելիչ և բուժտարհանիչ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումները, անձնակազմի բժշկական oգնության, բուժգույքով ու դեղորայքով ապահովման և դրանց նպատակային օգտագործման վերահսկողության աշխատանքը, մասնակցում է ռազմաբժշկական կադրերով զինված ուժերի համալրմանը:

Վարչության լիազորությունները սահմանվում են ՀՀ սահմանադրությամբ, «Բնակչության բժշկական ապահովման մասին», «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին», «Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքներով և այլ իրավական ակտերով, ՀՀ պաշտպանության նախարարի և ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի հրամաններով, կարգադրություններով ու զինված ուժերի ռազմաբժշկական վարչություն կանոնադրությամբ:

Ռազմաբժշկական վարչությունն իր գործունեության նպատակներից և խնդիրներից բխող գործառույթները իրականացնում է անմիջական ենթակայության տակ գտնվող ռազմաբժշկական հաստատությունների ու զորամասերի, ինչպես նաև ուղղակի ենթակայության բժշկական ծառայությունների միջոցով:

Ռազմաբժշկական վարչության հիմնական խնդիրներն են`

  1. ՀՀ զինված ուժերի անձնակազմի առողջության պահպանումը, ամրապնդումը, հիվանդ և վիրավոր զինծառայողների ամբուլատոր, ստացիոնար և վերականգնողական բուժօգնության կազմակերպումը, ռազմաբժշկական փորձաքննության լիարժեքորեն կազմակերպման ապահովումը,
  2. ՀՀ զինված ուժերում անցկացվող միջոցառումների բժշկական ապահովման լիարժեք կազմակերպումը,
  3. Բժշկական սարքավորումների, գույքի, տեխնիկայի, դեղա-միջոցների, վիրակապական և ախտահանիչ նյութերի ձեռքբերման կազմակերպումը, դրանց նպատակային բաշխումը և արդյունավետ կիրառման վերահսկողությունը,
  4. ՀՀ զինված ուժերի անձնակազմի համաճարակաբանական անվտանգության պահպանումն ու ապահովումը, համալիր բուժական- կանխարգելիչ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումների կազմակերպումը և դրանց լիարժեք կատարման վերահսկողությունը,
  5. Ռազմաբժշկական բնագավառում գիտական, ուuումնամեթոդական ու գիտամանկավարժական հետազոտությունների իրականացումը և համապատասխան մասնագիտական գրականության մշակումը:

Ռազմաբժշկական վարչության ձեռքբերումները

Ռազմաբժշկական ծառայությունը բանակաշինության առաջին իսկ տարիներից կայացել է որպես բարձր պատրաստվածությամբ օժտված, օպերատիվ գործող կառույց, որը նպաստել է  զինված ուժերում հիվանդացության նվազմանը, զինծառայողների առողջության պահպանմանը, հիվանդների արագ բուժմանն ու վերականգնմանը, համաճարակային իրավիճակի կայունացմանը և վարակիչ հիվանդությունների կանխարգելմանը:

Վերջին տասը տարիների ընթացքում զինված ուժերում ներդրված կանխարգելիչ պատվաստումների լայնածավալ գործընթացի շնորհիվ այնպիսի վարակիչ հիվանդություններ, ինչպիսիք են դիֆթերիան, փայտացումը, կարմրուկը, կարմրախտը, էպիդեմիկ պարօտիտը, վիրուսային հեպատիտ«A»-ն, պնևմոկոկային թոքաբորբը, մենինգոկոկային մենինգիտը և տուլարեմիան այլևս չեն արձանագրվում:

2005թ.-ից սկսվել է զինված ուժերի անձնակազմի պլանային կանոնավոր ֆլուորոգրաֆիկ հետազոտությունները, ձեռք բերված թվային շարժական ֆլուորոգրաֆիկ սարքերի միջոցով, ինչի շնորհիվ հնարավոր դարձավ կազմակերպել տուբերկուլյոզի վաղ հայտնաբերումը: Արդյունքում 2007թ.-ից ԶՈՒ-ում նկատվեց տուբերկուլյոզով հիվանդացության զգալի նվազում և խմբակային դեպքերի գրեթե բացառում:

Ռազմաբժշկական ծառայությունը համալրված է բարձրակարգ մասնագետներով, որոնց գիտելիքները և մասնագիտական պատրաստվածությունը կատարելագործելու նպատակով պարբերաբար կազմակերպվում են վերապատրաստումներ ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ ՌԴ-ի, ԱՄՆ-ի, Չինաստանի Հանրապետության և Եվրոպայի բարձրակարգ ռազմաուսումնական հաստատություններում:

Բժշկական կադրերի երկարատև ԲՈՒՀ-ական և հետդիպլոմային մասնագիտական ուսուցում է կազմակերպվում ՌԴ-ի, ԱՄՆ-ի, Չինաստանի, Հունաստանի և Գերմանիայի Դաշնային Հանրապետությունների ռազմաբժշկական ուսումնական հաստատություններում:       

ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական ծառայությունը ձեռք է բերել միջազգային վարկանիշ, հատկապես ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր պետությունների պաշտպանական գերատեսչություններում: Վերջին շրջանում ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ ավելի է ընդլայնվել  միջազգային  ռազմական համագործակցության շրջանակներում իրականացվող ռազմաբժշկական համագործակցությունը թե՛ երկկողմ համագործակցության շրջանակներում,  թե՛ «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում:

2016թ.-ին ԱՄՆ ԶՈՒ աջակցությամբ ստեղծվել է ռազմաբժշկական վարչության ռազմաբժշկական ուսումնական կենտրոնը, որի նպատակն է զինված ուժերում բուժակների և սանհրահանգիչների մինչհոսպիտալային բուժօգնության վերաբերյալ լրացուցիչ կրթության ու վերապատրաստման ապահովումը:

2015թ.-ից ավելի է խորացվել փոխհամագործակցությունը ԱՄՆ-ի զինված ուժերի և ՆԱՏՕ-ի հետ: Փոխհամագործակցության շրջանակներում ՄԱԿ-ի խաղարար առաքելություններին մասնակցելու նպատակով ԱՄՆ արտադրության «EMEDS» համակարգի բազայի վրա ձևավորվել է «2-րդ մակարդակի ռազմաբժշկական դաշտային հոսպիտալ», որը 2016թ.-ին ինքնագնահատվել է ՆԱՏՕ ՕԿՀ չափորոշիչներով, իսկ 2017թ.-ին անցել է ՆԱՏՕ ՕԿՀ 1-ին մակարդակի գնահատում: «2-րդ մակարդակի ռազմաբժշկական դաշտային հոսպիտալը» 2016թ. մասնակցել և գերազանց արդյունքներ է ցուցաբերել ԳԴՀ-ում կայացած «Միաձուլված սուր 2016», իսկ 2017թ.-ին Վրաստանի Հանրապետությունում կայացած «Վեհանձն գործընկեր 17» միջազգային բազմազգ զորավարժություններին: 2018թ.-ին պլանավորվում է կազմակերպել  «2-րդ մակարդակի ռազմաբժշկական դաշտային հոսպիտալի» բժշկական կարողությունների գնահատում և մասնակցությունը ԳԴՀ-ում կայանալիք «Կոսովոյի ուժեր 24» բազմազգ զորավարժությանը, այնուհետև այն պատրաստ կլինի մասնակցելու խաղաղապահ առաքելություններին:

Ռազմաբժշկական ծառայության հետագա գործունեությունը կանոնակարգելու նպատակով, կատարելագործվել է նորմատիվ-իրավական դաշտը, մշակվել և գործողության է դրվել «Խաղաղ պայմաններում ՀՀ զինված ուժերի բժշկական ապահովման» և «ՀՀ զինված ուժերում դիսպանսերացման կարգը» ձեռնարկները:

Կարևորելով առաջին բոժօգնության ցուցաբերումը բժշկական ապահովման ընդհանուր համակարգում մշակվել է «ՀՀ զինված ուժերումի բուժակների վերապատրաստման և սանհրահանգիչների պատրաստման մասնագիտական ուսուցման ձեռնարկը», որը պատրաստ է հրատարակման:

Ռազմաբժշկական ծառայության ստեղծման օրվանից լուրջ աշխատանքներ են կատարվել ռազմաբժշկական հաստատությունների ու հոսպիտալների, իչպես նաև զորամասերի բուժկետերի շենքային պայմանների բարելավման և բժշկական գույքով վերազինման ուղղությամբ: Մասնավորապես հիմնանորոգվել են Զանգեզուրի կայազորային հոսպիտալի «Ա» և «Բ» մասնաշենքերը, Երևանի կայազորային հոսպիտալի վիրահատարանը, Կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալի վարչական մասնաշենքը, դեղատունը, թռիչքային փորձաքննության, դիմածնոտային, թերապևտիկ, ատամնաբուժական և գինեկոլոգիական բաժանմունքները, Լոռու կայազորային հոսպիտալում կառուցվել է նոր ինֆեկցիոն բաժանմունք, հիմնովին վերանորոգվել ու արդիականացվել է դեղորայքի և բժշկական նյութական միջոցների կենտրոնական բազան:

Մոտ ապագայում պլանավորված է ամբողջովին նոր և ժամանակակից կենտրոնական զինվորական հոսպիտալի կառուցում:

Վերջին տարիների ընթացքում կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալը համալրվել է նորագույն ԿՏ սարքավորումով, Mercedes-Benz  ավտոմեքենայի հենքի վրա արդի սարքավորումներով կահավորված ռեանիմոբիլով, GEN11 էլեկտրովիրաբուժական գեներատորով, որը հնարավորություն է տալիս հատել և կոագուլացնել մինչև 7մմ տրամագծով անոթներ:

 Ամբողջովին կահավորվել է արյան պաշարման և փոխներարկման բաժանմունքը, Երևանի կայազորային հոսպիտալը համալրվել է ժամանակակից թվային ռենտգեն սարքավորումով: Ձեռք է բերվել «ԿԱՄԱԶ» մակնիշի ամենագնացի հենքի վրա կահավորված 2 շարժական թվային ֆլուորոոգրաֆիկ ավտոմեքենաներ:

Սերտ փոխհամագործակցություն է կազմակերպվել նաև բարեգործական կազմակերպությունների հետ:

Մասնավորապես §Հայկական բարեգործական ընդհանուր միության¦ (AGBU) միջոցներով ձեռք են բերվել  ժամանակակից շարժական ռենտգեն սարքավորումներ, թոքերի արհեստական օդափոխման սարք և դեֆիբրիլյատոր:

«ԱՐԱՐ» և «Վերադարձ Հայաստան» հիմնադրամների միջոցներով ՈՒԱԶ մակնիշի ամենագնացների հենքի  վրա արդի սարքավորումներով կահավորվել է հինգ ռեանիմոբիլներ:

«Հայ վիրավոր հերոսներ» հիմնադրամի միջոցներով ձեռք են բերվել ԱՄՆ արտադրության բուժակների և սանհրահանգիչներ համալրված պայուսակներ, որոնց կիրառման վերաբերյալ ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության ռազմաբժշկական ուսումնական կենտրոնի մասնագետների կողմից իրականացված համապատասխան ուսումնամեթոդական պարապմունքներից հետո դրանք հատկացվել են զորամասերի բժշկական ծառայություններին:

«IDEA» հիմնադրամի միջոցներով մեկ վիրավոր զինծառայողների վերականգնողական բուժում կազմակերպվել է Ռուսաստանի Դաշնության  Մոսկվա քաղաքի §Երեք քույրեր¦ վերականգնողական կլինիկայում:

ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության իրավասության շրջանակներում ծավալվող գործունեությունը շարունակական է և համահունչ զինված ուժերին առաջադրվող խնդիրներին, որին նպատակամղվում են վարչության սպաների և ԶՈՒ բժշկական անձնակազմի ջանքերը: