Դիտակետ

«Դիտակետ»-ը ՀՀ պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ իրականացվող ծրագիր է...

«Դիտակետ»-ը ՀՀ պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ իրականացվող ծրագիր է, որի շրջանակում ժամկետային զինծառայություն անցած և զորացրված երիտասարդների հետ իրականացվում են սոցիոլոգիական ելքային հարցումներ՝ հայկական բանակում առկա հիմնախնդիրները վերհանելու և բարեփոխումներ իրականացնելու նպատակով։ Ծրագիրն իրականացնող «Բրեվիս» ընկերության մասնագետներն այցելում են զորացրված երիտասարդներին և պլանշետների միջոցով իրականացնում դեմ առ դեմ հարցումներ զորացրումից հետո 1-4 ամսվա ընթացքում։

«Դիտակետ» ծրագրի նպատակն է բացահայտել հայկական բանակում առկա սոցիալ-հոգեբանական, տնտեսական, կանոնակարգային, և այլ բնույթի հիմնախնդիրները, այդ թվում` զինծառայության պայմանները, զինծառայողների փոխհարաբերությունները, մարտական ծառայության կազմակերպման պայմանները, զինծառայողների քաղաքացիականից զինվորական և զինվորականից քաղաքացիական կյանքի անցնելու խնդիրները, կենցաղային պայմանները, համազգեստի ու սննդի որակը, բուժսպասարկումը, և այլն։

«Դիտակետ» հետազոտական ծրագիրը բացառիկ է իր տեսակով և ընդգրկման ծավալով, քանի որ հետխորհրդային տարածքում առաջին անգամ է պաշտպանության ոլորտում իրականացվում զորացրված զինծառայողների կարծիքի լայնամասշտաբ հետազոտություն՝ հանրապետության ամբողջ տարածքով։ Ծրագրի աշխատանքային թիմում ներգրավված են ավելի քան 70 հետազոտողներ, փորձագետներ և պաշտպանության ոլորտի մասնագետներ։

Հետազոտության իրականացման համար առաջ են քաշվել տվյալների անվտանգության առանձնահատուկ պահանջներ, ներդրվել է ծրագրային ապահովման հատուկ համակարգ՝ զորացրվածների համար առավել անկաշկանդ կարծիք արտահայտելու պայմաններ ստեղծելու համար։ Հետազոտության արդյունքները ներկայացվում են միմիայն ընդհանրացված տեսքով։

 «Դիտակետ»-ի շրջանակներում 2017 թվականին իրականացված սոցիոլոգիական հետազոտության ընթացքում ընկերության հարցազրուցավարներն այցելել են 47 քաղաքային և 688 գյուղական բնակավայրեր՝ հարցումներ իրականացնելով 2017 թվականի ամռան ամիսներին զորացրված երիտասարդների շրջանում։ «Բրեվիս» ընկերության վերլուծաբանների խումբը շուրջ մեկ ամիս իրականացրել է տվյալների վերլուծական աշխատանքներ և մանրամասն հաշվետվությունների ու զեկույցների տեսքով ներկայացրել ՀՀ պաշտպանության նախարարություն։

«Դիտակետ» ծրագրի մասին հղումներ www.mil.am կայքից.

  1. ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է «Դիտակետ» ծրագրի աշխատանքներում ներգրավված անձնակազմի հետ - 24 մարտի, 2018
  2. ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է «Դիտակետ» ծրագրին մասնակցած երիտասարդների հետ - 3 փետրվարի, 2018
  3. ՀՀ նախագահին ներկայացվել են «Դիտակետ» ծրագրի շրջանակում իրականացված սոցիոլոգիական հետազոտության արդյունքները -  27 հունվարի, 2018
  4. ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է «Դիտակետ» ծրագրի աշխատանքներում ներգրավված անձնակազմի հետ - 26 սեպտեմբերի, 2017