Ռազմավարական պաշտպանական անվտանգային կրթության ազգային ինստիտուտ

ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ի կրթական գործառույթներն իրականացնում է Ռազմավարական պաշտպանական անվտանգային կրթության ազգային ինստիտուտը (ՌՊԱԿԱԻ): Ինստիտուտը իրագործում է մագիստրոսական, հետբուհական մասնագիտական, ինչպես նաև լրացուցիչ կրթության (վերապատրաստման) ծրագրեր: Ինստիտուտն իր գործունեությունը ծավալում է արևմտյան հետազոտական ինստիտուտների ու համալսարանների մոդելով` ՊԱՀՀ-ի հետազոտական բաղադրիչի հետ սերտ համագործակցությամբ կատարված հիմնարար ու կիրառական հետազոտությունների միջոցով ստեղծելով գիտելիք և այն տեղափոխելով լսարան:

ՌՊԱԿԱԻ-ի հիմնական նպատակը ՀՀ ՊՆ և ԶՈՒ-ի ավագ ու բարձրագույն սպայական կազմի և պաշտպանական-անվտանգային ոլորտում ներգրավված գերատեսչությունների միջին ու բարձր օղակի պաշտոնյաների ապահովումն է նրանց համար ընդհանուր և մշտապես թարմացվող գիտելիքով:

Ինստիտուտի խնդիրներն են կրթության որակի ապահովումն ու համապատասխան համակարգի, ընթացակարգերի ներդրումը, գիտակրթական գործունեության արգասիքների և ուսումնական-փորձագիտական, գիտամեթոդական ձեռնարկների, ուղեցույցների մշակումը:

Ինստիտուտն իր կազմում գործող Գիտաուսումնական կենտրոնի ջանքերով մշակել է «ՀՀ պաշտպանական համակարգի բարեփոխումների ռազմավարական ուղենիշները» խորագրով գերատեսչական վերապատրաստման փորձնական դասընթացի ծրագիրն ու 2017 թվականին հաջողությամբ իրականացրել այն: Դասընթացի ծրագիրը ստեղծվել է պաշտպանության ռազմավարական վերանայման արդյունքների հաշվառմամբ իրագործվող պաշտպանական բարեփոխումների ամբողջ ծավալն ընդգրկող, «Հայկական բանակ» ռազմագիտական հանդեսի ավելի քան քսան համարներում հրապարակված փորձագիտական-վերլուծական նյութերի հիման վրա: Դրանց մի մասն ամփոփվել է «Հայաստանի Հանրապետության պաշտպանական-անվտանգային համակարգի բարեփոխման ուղենիշները» երկհատոր գիտափորձագիտական–ուսումնական ձեռնարկում:

Այս փորձնական դասընթացի արդյունքների հաշվառմամբ` ինստիտուտը ներկայումս մշակում է գերատեսչական ու միջգերատեսչական ձևաչափով դասընթացների ընդլայնված ծրագրեր, որոնք կիրականացվեն առաջիկայում:

2017 թ. հուլիսին ՊԱՀՀ-ի պետի` կրթության գծով տեղակալ–Ռազմավարական պաշտպանական անվտանգային կրթության ազգային ինստիտուտի պետ է նշանակվել գնդապետ Սուրեն Դավթյանը:

2016 թ. դեկտեմբերին ՊԱՀՀ-ի Ռազմավարական պաշտպանական անվտանգային կրթության ազգային ինստիտուտի Գիտաուսումնական կենտրոնի պետ է նշանակվել Աննա Գևորգյանը: