Տեղի է ունեցել «Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը
9 Հոկտեմբերի, 2019 19:37Նիստի ընթացքում հոգաբարձուների խորհուրդը որոշում է կայացրել կատարել աշխատանքեր հիմնադրամի շահառուների շրջանակը ժամանակագրական առումով էապես ընդլայնելու շուրջ։ Մասնավորապես, հաշվի առնելով վիճակագրական տվյալներն ու հիմնադրամի ֆինանսական միջոցները, որոշվեց խորհրդի առաջիկա նիստին ներկայացնել որոշման նախագիծ, որի համաձայն հատուցումներ կտրամադրվեն նաև 1998-2008թթ․-ին տեղի ունեցած դեպքերի մասով և այս դեպքերով հաշմանդամություն ստացած զինծառայողները և զոհված զինծառայողների ընտանիքները 2020 թվականի հունվար 1-ից սկսած կկարողանան հատուցումներ ստանալ։
Հիշեցնենք, որ մինչ այժմ հատուցվում էին 2008 թվականի հունվարի 1-ից հետո տեղի ունեցած դեպքերի ընթացքում զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների ընտանիքները։
2017թ.-ից ավելի վաղ տեղի ունեցած բոլոր դեպքերի հատուցումները շարունակելու են տրամադրվել համահարթեցման սկզբունքով, ինչը ենթադրում է, որ շահառու զինծառայողները, կամ նրանց ընտանիքների անդամները, 20 տարի շարունակ կստանան ամսական վճարումներ, Հիմնադրամի՝ օրենքով կանոնակարգված հատուցման գումարների և տվյալ դեպքի համար ՀՀ օրենսդրությամբ նախատեսված պետական այլ ֆինանսական աջակցության տարբերության չափով, այդպիսով պահպանելով հավասարության սկզբունքը բոլոր շահառուների համար։ Օրինակ՝ եթե զոհված սպայի ընտանիքը պետությունից արդեն իսկ ստանում է 60.000 ՀՀ դրամ, ապա Հիմնադրամից հավելյալ կստանա ամսական ևս 240.000 ՀՀ դրամ ՝ ապահովելով հատուցման նույն չափը, որը տրվում է 2017թ. հունվարի 1-ից հետո տեղի ունեցած դեպքերի համար (300.000 դրամ)։ :
Հաշվի առնելով աշխատանքների ծանրաբեռնվածությունը՝ զինծառայողների ապահովագրության հիմնադրամի և աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության միջև ձեռք է բերվել համաձայնություն այս դաշտում համագործակցություն ծավալելու, հիմնադրամի աշխատանքներին աջակցելու և շահառուների հատուցման ընթացակարգն առավել արագ և արդյունավետ կազմակերպելու նպատակով։
Անդրադարձ է կատարվել նաև զինծառայողների ապահովագրության հիմնադրամի լայնածավալ աշխատանքի, ինչպես նաև նվիրաբերություններ կատարելու ընթացակարգի վերաբերյալ սփյուռքում տեղեկատվություն տարածելու խիստ անհրաժեշտությանն ու կարևորությանը։ ՀՀ պաշտպանության նախարարն ընդգծել է, որ գործունեության երկու տարիների ընթացքում զինծառայողների ապահովագրության հիմնադրամը ձեռք է բերել բարի համբավ, աչքի ընկել բացառիկ թափանցիկությամբ և հանրությանը լիարժեք հաշվետու լինելու գործելաոճով, ուստի պետք է ակտիվ աշխատանքներ տարվեն նաև սփյուռքի ներուժն արդյունավետ իրացնելու ուղղությամբ:
Դավիթ Տոնոյանը տեղեկացրել է, որ այդ նպատակին հասնելու հարցում էական դերակատարում կարող է ունենալ «Հիմնադրամի դեսպան» ծրագիրը, ինչը ենթադրում է արտերկրում ունենալ «Դեսպաններ», ովքեր կաշխատեն սփյուռքի կառույցների հետ՝ առավել մանրամասն ներկայացնելով հիմնադրամի գործունեությունը:
ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարն արտերկրում բնակվող մեր հայրենակիցներին հորդորել է ակտիվ մասնակցություն ցուցաբերել ծրագրին՝ այդպիսով նպաստելով սփյուռքի համայնքներում հիմնադրամի գործունեության հանրայնացմանը։
Նիստի ընթացքում հիմնադրամի տնօրենը ներկայացրել է ամփոփ հաշվետվություն 2019թ. երրորդ եռամսյակում կատարված հատուցումների և ֆինանսական հիմնական ցուցանիշների վերաբերյալ:
Վարուժան Ավետիքյանն ընդգծել է, որ հաշվետու ժամանակահատվածում կատարվել է 66 դեպքի հատուցում, որոնցից 54-ը՝ 2008-2014 թթ.-ին, 7-ը՝ 2015-2016թթ.-ին և 5-ը՝ 2017թ.-ից հետո հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների ընտանիքներին:
Ընդհանուր առմամբ՝ 2017թ. հունվար 1-ից սկսած հիմնադրամը կատարել է 374 դեպքի հատուցում: Հավաքագրված գումարն արդեն հատել է 18 մլրդ., հատուցումները՝ 1.3 մլրդ. դրամը, իսկ հիմնադրամի ստանձնած պարտավորությունները՝ 14 մլրդ․ դրամը: