ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ

8 Հոկտեմբերի, 2019
Հոկտեմբերի 8-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի հանդիպումը լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն անդրադարձել է սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում հայկական երկու հանրապետություններում անցկացված աննանադեպ լայնածավալ ռազմավարական զորավարժությունների արդյունքներին և փաստել, որ  զինված ուժերն իրենց առջև դրված խնդիրն ամբողջությամբ կատարել են: Նշելով, որ վերլուծվում և վեր են հանվում վարժանքների ժամանակ նկատված դրական և բացասական միտումները, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը տեղեկացրել է, որ զորավարժությունների ընթացքում փորձարկվել են նոր զինատեսակներ, որոնք հիմնականում վերաբերում են հակաօդային և հակատանկային միջոցներին: «Մասնավորապես, հակաօդային պաշտպանության առումով ավելացրել ենք խոցման հեռավորությունը, բարձրությունը, ինչպես նաև ավելի փոքր արտացոլող մակերեսներով սարքերը խոցելու հնարավորությունները։ Որոշակի զինատեսակներ նաև արդիականացվել են, որի ապացույցը եղավ պաշտպանության բանակի կողմից անօդաչու թռչող սարքի խոցումը: Հակատանկային միջոցների մասով կարող եմ ասել, որ մեծացել է հեռահարությունը՝ մեր ունեցած միջոցներից շուրջ երկու անգամ, և որոշակի աշխատանքներ են տարվել, որպեսզի անմիջապես հակատանկային միջոցներ կիրառող անձնակազմի անվտանգությունն ու կենսունակությունը մարտի դաշտում ավելի մեծանա»,-նշել է Արտակ Դավթյանը:

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետն անդրադարձել է նաև սահմանային միջադեպերին և հավաստիացրել, որ սահմանին կայուն, վերահսկելի իրավիճակ է: «Լարվածություն կամ միջադեպեր սահմանում միշտ եղել են: Այնուամենայնիվ, վերջին շրջանում որոշակիորեն կրակոցների և միջադեպերի թիվը նվազել է»,- ընդգծել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը:

  • Տարածել