ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է սփյուռքահայ երիտասարդներին

2 Օգոստոսի, 2019
Օգոստոսի 2-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում հյուրընկալվել են սփյուռքի երիտասարդ առաջնորդների վերապատրաստման դասընթացի մասնակիցները՝ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի գլխավորությամբ:

Սփյուռքահայ երիտասարդներին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Խոսելով նմանօրինակ հանդիպումների անցկացման արդյունավետության մասին՝  նախարարն ընդգծել է դրանց կարևորությունը Հայաստան-Սփյուռք կապերն ամրապնդելու և սփյուռքի համայնքներում երիտասարդական ներուժն առավել համախմբելու համար՝ ի նպաստ ՀՀ պաշտպանական և անվտանգային խնդիրների լուծման:

Հանդիպման ընթացքում սփյուռքի երիտասարդ առաջնորդներին են ներկայացվել  ՀՀ պաշտպանական քաղաքականությունը, առկա անվտանգային միջավայրը, այդ շրջանակում ՀՀ կառավարության ծրագրի առաջնահերթությունները, ԼՂ հակամարտության ընթացիկ կարգավիճակը, ինչպես նաև միջազգային ռազմական համագործակցության հիմնական ուղղությունները:

Պաշտպանության նախարարը պատասխանել է սփյուռքահայ երտասարդներին հետաքրքրող հարցերին, անդրադարձել ԶՈՒ-երում կատարվող բարեփոխումներին և սպառազինության ու զինտեխնիկայի արդիականացման ծրագրերին, որոնք թույլ են տալիս օրեցօր կատարելագործել հայկական զինուժի մարտական պատրաստության աստիճանը, որակական առավելությամբ ու խելացի քայլերով արձագանքել ցանկացած իրավիճակի և հասնել նոր հաջողությունների:

  • Տարածել