Մեկնարկել է ամառային զորակոչը
1 Հուլիսի, 2019 21:20Ընթացիկ աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով ՊՆ կենտրոնական հավաքակայան է այցելել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը:
Զորակոչի գործընթացին ներգրավված պատասխանատուների ուղեկցությամբ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը եղել է զորակոչիկների դիմավորման ու ընդունման կետում, բուժզննման, հանդերձավորման սենյակներում և վիճակահանության սրահում, դիտարկել հավաքակայանում զորակոչի կազմակերպման համար առկա պայմանները, զորակոչիկների բուժհետազոտության իրականացման կարգը:
Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը հանդիպել է նաև զինակոչիկների ծնողներին, հետաքրքրվել նրանց սպասելիքներով և տրամադրվածությամբ, շնորհակալություն հայտնել պատրաստակամ ու հայրենասեր զավակներ մեծացնելու համար:
Զինված ուժերի համալրման գործընթացը խստագույնս վերահսկվում է ՀՀ պաշտպանության նախարարության, ԶՈւ գլխավոր շտաբի ղեկավարության և իրավապահ մարմինների կողմից:
Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի հովանու ներքո ստեղծվել է 2019թ. ամառային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով: Տեղեկությունների համար զանգահարել 010-52-34-82 հեռախոսահամարով: