Մարտի 5-ը սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է

5 Մարտի, 2019 17:15
ՀՀ ազգային հերոս, Արցախի հերոս, ռազմական և պետական գործիչ Վազգեն Սարգսյանի ծննդյան 60-ամյակի առթիվ մարտի 5-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Ազգային անվտանգության խորհրդի անդամների, բարձրաստիճան զինվորականների հետ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ներկա է գտնվել Սպարապետի հիշատակին նվիրված ոգեկոչման արարողությանը:

Շնորհավորելով ներկաներին Վազգեն Սարգսյանի ծննդյան 60-ամյա հոբելյանի կապակցությամբ՝ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը կարևորել է Վազգեն Սարգսյան անհատի, ռազմական ու քաղաքական գործչի դերը հայոց նորագույն պատմության և համազգային հաղթանակների կերտման գործում: «Այս օրը ևս մեկ առիթ է երախտագիտությամբ հիշելու ժողովրդի կողմից Սպարապետի կոչմանն արժանացած մարդուն, խոնարհվելու նրա ծնողների, հարազատների առջև, վերագնահատելու նրա գործն ու պատգամները, վերաիմաստավորելու և նոր հունի վրա դնելու այն գործերն ու ձեռնարկումները, որոնք սկսել են Վազգենն ու իր ընկերները: Վազգեն Սարգսյանը մի կողմից երկրապահ էր, մյուս կողմից՝ գրող, մտավորական: Բայց նա նաև այդ երկուսի միասնությունն էր, և նրա անունը հավասարապես կապված է հայոց կանոնավոր բանակի կազմավորման, կամավորական շարժման և Երկրապահ կամավորականների միության հիմնադրման հետ»,- նշել է Դավիթ Տոնոյանը:

Արարողության մասնակիցները ծաղիկներ են խոնարհել սպարապետ Վազգեն Սարգսյանի, զորավար Անդրանիկ Օզանյանի հուշաքարերին և հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակը հավերժացնող հուշապատին:

  • Տարածել