Դավիթ Տոնոյանն ընդունել է ՌԴ առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներին

1 Դեկտեմբերի, 2018
Դեկտեմբերի 1- ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնայանը հանդիպում է ունեցել ՌԴ մի շարք առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ և պատասխանել նրանց հարցերին։

Անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի շուրջ ստեղծված իրավիճակին` Դավիթ Տոնոյանն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետությունն ունի կառույցի քարտուղարի իր թեկնածուն և պատրաստ է շարունակել ստանձնած լիազորությունների կատարումը։ Նախարարի պաշտոնակատարն անդրադարձել է նաև հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններին, նշելով, որ Հայաստանը մեծապես կարևորում է Ռուսաստանի Դաշնության հետ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությունը։

Խոսելով արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում և հայ-ադրբեջանական պետական սահմանին տիրող իրավիճակի մասին` Դավիթ Տոնոյանը նշել է, որ վերջին շրջանում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումների քանակը նվազել է։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարն անդրադարձել է նաև կողմերի միջև ստեղծված օպերատիվ կապին, նշելով, որ մինչ այդ Ադրբեջանի հետ Հայաստանի կապը գործում էր միայն Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ շրջանակներում, և որ նոր հաստատված կապը կարող է նպաստել  սահմանային լարվածության ու հրադադարի խախտումների ինտենսիվության նվազեցմանը։

Լրագրողների խնդրանքով Դավիթ Տոնոյանը խոսել է նաև Սիրիային ցուցաբերվող մարդասիրական օգնության մասին, շեշտելով, որ Հայաստանը շարունակելու է աջակցություն ցուցաբերել հակամարտությունից տուժած բնակավայրերին ու Սիրիայի հայ համայնքին։

  • Տարածել