Դավիթ Տոնոյանը հանդիպել է Կոսովոյում առաքելություն իրականացնող հայ խաղաղապահներին

1 Նոյեմբերի, 2018 11:49
Հոկտեմբերի 31-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով ժամանել է Կոսովո։ Պատվիրակության կազմում են ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավար Գագիկ Հովհաննիսյանը, ՀՀ ՊՆ ՊՔ վարչության պետ Լևոն Այվազյանը, այլ պաշտոնյաներ։

Դավիթ Տոնոյանը Պրիշտինայում հանդիպել է Կոսովոյի ուժերի (KFOR) հրամանատար, գեներալ Սալվատորե Գուոչիի հետ։ Հանդիպումն անցել է ջերմ և անմիջական քննարկումների մթնոլորտում։ Գեներալ Գուոչին շնորհակալություն է հայտնել ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարին Կոսովոյի խաղաղապահ առաքելությանը ներգրավված հայ խաղաղապահների բարեխիղճ ծառայության համար։ Դավիթ Տոնոյանն իր հերթին ընգծել է հայ խաղաղապահների առաքելության իրականացման գործում հրամանատարության ցուցաբերած աջակցության կարևորությունը։

Նույն օրը ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը հանդիպել է Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախմբի հետ։ Զորախմբի հրամանատար, մայոր Կարեն Դավթյանը զեկուցել է զորախմբի գործառույթների, առաջադրվող խնդիրների, օրակարգի և ծառայության կրման հետ կապված այլ հարցերի մասին։ Դավիթ Տոնոյանը շրջել է ռազմաբազայում, ծանոթացել զորանոցային պայմաններին։

ՀՀ ՊՆ պատվիրակությունն այցելել է նաև Սլատինա ռազմական օդանավակայան, որտեղ հայ խաղաղապահները կատարում են իրենց առաքելությունը։ Տեղում ծանոթանալով ծառայության պայմաններին և խաղաղապահների հետ քննարկելով առաքելության հետ կապված բոլոր հարցերը, պաշտպանական գերատեսչության ղեկավարը հանձնարարականներ է տվել զորախմբի հրամանատարությանը։ Դավիթ Տոնոյանը նաև խրախուսել է առաքելության ընթացքում բարեխիղճ ծառայությամբ աչքի ընկած խաղաղապահներին։

  • Տարածել