ՆԱՏՕ-ի փորձագետները վերապատրաստման դասընթացներ են անցկացնում ՌՈւՀ-երի ներկայացուցիչների համար

20 Սեպտեմբերի, 2018 17:19
ՆԱՏՕ-ի Պաշտպանական կրթության զարգացման ծրագրի և ՀՀ պաշտպանության նախարարության միջև 2018թ. համագործակցության պլանի համաձայն սեպտեմբերի 17-ից 20-ը ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետում ՀՀ ՊՆ ռազմաուսումնական հաստատությունների ավագ դասախոսական և մեթոդական կազմի ներկայացուցիչների համար ՆԱՏՕ-ի Պաշտպանական կրթության զարգացման ծրագրի փորձագետների կողմից անցկացվել է վերապատրաստման դասընթացի 1-ին փուլը:

Ողջունելով հյուրերին, ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի առաջին տեղակալ, գնդապետ Խաչիկ Խաչատրյանը և ՀՀ պաշտպանության նախարարության և ՆԱՏՕ-ի Պաշտպանական կրթության զարգացման ծրագրի համագործակցության համակարգող Տիգրան Հարությունյանը կարևորել են ՆԱՏՕ-ի հետ ռազմական կրթության ոլորտում համագործակցությունը և մասնավորապես վերոնշյալ միջոցառման անցկացումը, որը միտված է Հայաստանի պաշտպանական գերատեսչության ռազմական ուսումնական հաստատությունների ավագ դասախոսական կազմի փորձի հարստացմանը և ռազմական կրթության ոլորտում նոր մոտեցումների ու մեթոդների ներդրմանը:

Քննարկումների ընթացքում արծարծվել են պաշտպանական ու ռազմական կրթության և ուսուցման բնագավառում կիրառվող դասավանդման մեթոդիկային, ակտիվ ուսուցման և դասընթացի նախագծման մեթոդներին, անհատական մոտեցման ռազմավարությանը, ուսումնական նպատակների նկատմամբ ուսուցման արդյունքների գերակայությանն առնչվող հարցեր:

Վերապատրաստման դասընթացը նախատեսվում է իրականացնել 3 փուլով, ընդհանուր առմամբ` 1.5 տարի տևողությամբ:

  • Տարածել