Կազմակերպվել են նախնական զինվորական պատրաստություն առարկայի գործնական դաշտային պարապմունքներ

12 Հունիսի, 2018 19:21
ՀՀ պաշտպանության նախարարությունը մշտապես աջակցում է զորամասերի և ռազմաուսումնական հաստատությունների հետ դպրոցականների կապերի ամրապնդմանը, հանրակրթական հաստատությունների սովորողների հետ դաշտային պարապմունքների անցկացմանը:

Ի նշանավորումն Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակի, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համատեղ ապրիլի 15-ից մայիսի 15-ը պլանավորել ու իրականացրել են նախնական զինվորական պատրաստություն առարկայի գործնական դաշտային պարապմունքներ:

Պարապմունքներին ընդգրկվել են հանրապետության ավագ դպրոցների 11-րդ դասարանների ավելի քան 13.000 աշակերտներ, այդ թվում նաև` աղջիկներ: Պարապմունքների ընթացքում աշակերտները ծանոթացել են զորամասերի մարտական ուղուն, ռազմական տեխնիկային և սպառազինությանը, զինծառայողների կենցաղին, հանդիպել են մարտական գործողություների մասնակիցների և մարտական պատրաստության գերազանցիկների հետ: Զորամասերի հրաձգարաններում աշակերտների համար կազմակերպվել են կրակային պարապմունքներ մարտական փամփուշտներով:

Միջոցառումներն իրականացվել են տարածքային զինկոմիսարիատների սպաների, դպրոցների զինղեկների, մարզպետարանների կրթության վարչությունների պատասխանատուների և զորամասերի հրամանատարների համատեղ ուժերով:

Աշակերտներին զորամասեր և հրաձգարաններ ավտոբուսներով տեղափոխումների անվտանզությունը ապահովելու համար ներգրավվել են նաև ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության և Ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչները:

  • Տարածել