Անցկացվել է ռազմական ոստիկանության խաղաղապահ դասակի համալրման մրցույթի առաջին փուլը

14 Փետրվարի, 2018 20:51
Փետրվարի 14-ին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում անցկացվել է նորաստեղծ խաղաղապահ դասակի համալրման նպատակով հայտարարված մրցույթի ամփոփման առաջին փուլը:

Մրցութային հանձնաժողովը` ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ, քննարկել է խաղաղապահ դասակի համալրման հայտ ներկայացրած քաղաքացիների դիմումները, հարցազրույց անցկացրել թեկնածուների հետ` տեղում ստուգելով նրանց մասնագիտական ունակությունները:

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության կենտրոնական ապարատում 2018թ. հունվարին ստեղծվել է նոր ստորաբաժանում՝ խաղաղապահ դասակ, որը ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի կազմում կմասնակցի ՀՀ խաղաղապահ առաքելություններին: Խաղաղապահ դասակը կազմված է հետաքննչական, զինավտոտեսչության և պարետային ծառայության խմբերից:

Համալրման համար առաջնահերթությունը տրվում է համապատասխան բարձրագույն մասնագիտական կրթություն ունեցող, երկու և ավել օտար լեզուների տիրապետող և պարտադիր զինվորական ծառայություն անցած մինչև 35 տարեկան ՀՀ քաղաքացիներին:

Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք ինքնակենսագրությունը (CV) կարող են ներկայացնել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն (հասցե` ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող., 18/10):

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (010) 42-94-93 հեռախոսահամարով:

  • Տարածել