ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է Կանադայի թագավորական ռազմական քոլեջում
17 Նոյեմբերի, 2017 19:07Նոյեմբերի 16-ի առավոտյան Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը հյուրընկալվել է Կանադայի Սեն-Ժան թագավորական ռազմական քոլեջում։ Կրթօջախի ղեկավարությունը Վիգեն Սարգսյանին ծանոթացրել է քոլեջի հարուստ պատմությանն ու ավանդույթներին, ներկայացրել կրթական գործընթացն ու դրա առանձնահատկությունները։
Հայաստանի պաշտպանության նախարարն իր հերթին կանադացի գործընկերներին է ներկայացրել ռազմամարզական ուղղվածությամբ հայաստանյան ավագ դպրոցի՝ Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանի փորձը։ Երկու կրթօջախների ուղղվածության և սաների տարիքային խմբերի ընդհանրությունները հաշվի առնելով, կողմերը պատրաստակամություն են հայտնել քննարկել փոխգործակցության հնարավորությունները։
Նույն օրը երեկոյան հայկական պատվիրակությունը հյուրընկալվել է Մոնրեալի «Հայ կենտրոնում», որտեղ կայացել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հանդիպումը հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է հայկական բանակի արդիականացման ծրագրերը, զինված ուժերում սկիզբ առած բարեփոխումների ընթացքն ու հիմնական ուղղությունները։ Վիգեն Սարգսյանը պատասխանել է նաև հանդիպման մասնակիցների հարցերին։