ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ելույթը պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստի ընթացքում
29 Հոկտեմբերի, 2016 21:21Մեր երկրի համար ռազմական անվտանգությունն օրհասական, անմիջական, բայց նաև երկարատև մարտահրավեր է:
Մենք չենք կատարել այդ ընտրությունը` այն մեզ պարտադրվել է: Դարերի նիրհից զարթնած` մենք վերգտել ենք մեր ազգային ինքնությունը, ոչ միայն հռչակել անկախությունը, այլև կարողացել ենք պաշտպանել այն դաժան և անհավասար, բայց դրանից միայն ավելի հերոսական պատերազմում: Երկրաշարժի փլատակների, տնտեսության տապալման, էներգետիկ ճգնաժամի, պատերազմի զրկանքների, սոցիալական հարաբերությունների պատռտված պաստառից սկսեց վերծնվել «Հայաստան» կոթողային կտավը:
25 տարի առաջ պատմությունը մեզ մատուցեց մի անակնկալ, որին երկար էինք սպասում, երկար էինք պատրաստվում, երազում, բայց ինքներս էլ չէինք գուշակում, որ դա այդքան արագ տեղի կունենա: Եվ մենք, երազածը ստացած մանուկի ոգևորությամբ նետվեցինք առաջ` չնկատելով մեր երեսին փչող սառը քամու ուժգնությունը: Մեր աչքի առջև, ավելի ճիշտ` հենց մեր շուրջ փլվում էր գերտերությունը` իր հետ տանելով մեր թվացյալ բարեկեցությունն ու հանդարտությունը, կանխատեսելիությունն ու վաղվա օրվա հանդեպ վստահությունը:
Կայծակնային արագությամբ կյանքը սովորեցրեց մեզ անհնարին թվացող բաների` խրամատներ փորել, ինքնաշեն ռադիոկայաններով կապ հաստատել, զենք հայթայթել, ընկերներ հուղարկավորել, կտրոնով հացի հերթ կանգնել, բազմաբնակարան շենքերում փայտե վառարարաններ վառել: Թվում էր, թե ողջ աշխարհն է փուլ եկել, և կյանքն այլևս երբեք չի լինի նույնը:
Հայոց բանակը, հիրավի, ժողովրդի ծոցից դուրս եկած բանակ է: 25 տարի մեր ժողովրդի անվտանգության համար պայքարած բանակ է: Իր հասարակությանը հաղթանակների բերկրանք և հպարտություն բերած բանակ է: Այն ազգային բանակ է, քանի որ միշտ ծառայել է իր ազգին և ազգային գաղափարներին:
Բայց ազգ-բանակն անհամեմատ ավելին է, քան ազգային բանակը: Քանի որ ազգային բանակը ծառայում է ազգին, իսկ ազգ-բանակը` հենց ինքն ազգն է: Հաշվի առնելով, որ տարածքով, բնակչությամբ և երկրի համեմատ մեր զինված ուժերն անհամաչափ մեծ են, դրանք չեն կարող տարանջատվել այդ բնակչությունից: Չի կարող մեր հասարակությունը մեկուսացվել բանակից, կամ էլ բանակը` փակվել, ինքնամփոփվել, հեռանալ ժողովրդից: Միայն մտածեք` մեր յուրաքանչյուր 40-րդ քաղաքացի` նորածին մանուկից մինչև ալեհեր տարեց, համազգեստավոր է: Չկա ընտանիք, ում համար բանակն անձնական պատմություն չլինի:
Ազգ-բանակը դա այն հասարակությունն է, որը գործում է որպես մեկ միասնություն: Դա չի նշանակում հասարակության կամ պետության ռազմականացում: Ճիշտ հակառակը, նշանակում է բանակի ժողովրդավարացում, լիարժեք ինտեգրում հասարակության, տնտեսության, մշակույթի, կրթության և գիտության, բնապահպանության, սպորտի բնագավառներ: Դա նշանակում է բանակի ստեղծածն ու ձևավորածը ծառայեցնել ողջ հասարակությանն ու պետությանը, իսկ քաղաքացիական կյանքի բոլոր ձեռքբերումներով ամրապնդել երկրի զինված ուժերը:
Ազգ-բանակը դա այն բանակն է, որի հետ անքակտելի կապը ոչ սկսվում, և ոչ էլ ավարտվում է ժամկետային զինծառայությամբ:
Դա այն բանակն է, որն ունի կրթող, դաստիարակող, ուսուցանող ներուժ, որ փոխանցում է իր ժողովրդին:
Ազգ-բանակը դա այն հասարակությունն ու զինված ուժերն են, որոնց միջև շարժն աննկատ է: Ուր նորարար գիտությունից դեպի ռազմարդյունաբերական համալիր` մեկ քայլ է: Ուր տնտեսությունն աճում և ամրապնդվում է իր բանակի պատվերներով, ներդրումներով, ստեղծագործ կարողություններով, ոչ թե ճկռում է այդ ամենն իր ուսերին տանելու բեռի տակ:
Ազգ-բանակը դա այն վստահությունն է, որ հասարակությունն ունի դեպի իր Զինված ուժերը և դեպի իր սպայական անձնակազմը:
Դա այն հասարակությունն է, որում սպան ամենահարգված և մեծարված քաղաքացին է: Բայց նաև այն սպան է, ով բանիմացության, առաջնորդության, ինքնավստահության, բայց երբեք ոչ ինքնագոհության մարմնացումն է:
Ազգ-բանակը այն դպրոցն ու զորամասն են, որ միմյանց տրամաբանական շարունակությունն են, ուր ուսուցիչը, ծնողն ու հրամանատարը միասին են աշխատում վաղվա սերնդի դաստիարակության ուղղությամբ:
Դա այն բանակն է, որն իր երկրում արդյունավետ կառավարման, կոռուպցիայի վերացման, բարեվարքության, արդիականացման, հաջորդ սերունդների էլիտայի կերտման անվիճելի առաջատարն է:
Ազգ-բանակը դա այն պաշտպանության համակարգն է, ուր զորահավաքին պատրաստ է յուրաքանչյուրը` հստակ իմանալով իր անելիքները, խնդիրներն ու միջոցները,
Ազգ-բանակը դա այն երկիրն է, ուր չկա զինվորական և քաղաքացիական, այլ կա համազգեստով քաղաքացի և կա քաղաքացիական հանդերձանքով հայրենիքի պաշտպան:
Մենք դեռ երկար ենք ունենալու մեր հնարավորությունների համեմատ անհամաչափ մեծ զինված ուժեր պահելու անհրաժեշտություն: Իսկ դա նշանակում է, որ անհամաչափ մեծ թվով մեր քաղաքացիներ զորացրվելու են և անցնելու են զինվորական թոշակի: Որպեսզի այդ զինվորական թոշակառուները երբևէ չհամարվեն բեռ, մենք պետք է այնպես անենք, որ ծառայության ողջ ընթացքում հայոց բանակի սպան կարողանա կատարելագործել իր գիտելիքներն ու հմտությունները` պատրաստելով իրեն զինվորականից քաղաքացիական կյանքի անցնելուն և իր հետ տնտեսություն, արդյունաբերություն, գիտություն, կրթություն բերելով բանակային կարգապահության, հայրենասիրության, արհեստավարժության, բարեկրթության ավանդույթները` դրանով իսկ ամրապնդելով մեր պետության անառիկությունը:
Ազգ-բանակը դա նաև այն հասարակությունն է, որը մշտապես կանգնած է իր զինվորական հաշմանդամի, իսկ եթե տեղի է ունեցել անուղղելին` նաև զոհվածի ընտանիքի կողքին:
Ազգ-բանակը դա այն ընտանիքն է, որի հայրը կոփում է իր զավակին ծնված օրվանից, իսկ մայրը կարոտի անխուսափելի զգացումով, բայց մեծ համոզվածությամբ ճանապարհում է իր որդուն բանակ:
Բայց դա նաև այն բանակն է, որ ամուր է պահում զինվորի, հատկապես` ժամկետային զինվորի կապն իր ընտանիքի հետ և չի դառնում զավակին ընտանիքից մեկուսացնող պատժիչ հաստատություն:
Ազգ-բանակը այն ռազմական ուսումնական հաստատություններն են, որոնց շրջանավարտ լինելը պատվաբեր է և հարգի, քանի որ նրանց տված ուսումը պահանջված է և աշխատանք երաշխավորող, դասախոսները բանիմաց են և հմուտ, կուրսանտները երջանիկ են և պրպտուն, միջավայրն էլ ընկերական է և տրամադրող:
Դա նաև այն սպան է, որի զավակն առանց երկմտելու պատասխանում է, որ երազում է իր հայրիկի կամ մայրիկի նման ևս սպա դառնալ:
Ազգ-բանակը այն գործարարն է, որը բանակին ծառայություն մատուցելը համարում է պատիվ և պատասխանատվություն: Որը հացը իր պարտավորվածից մի քանի գրամ էլ ավել է թխում, որ զինվորը կուշտ լինի, իսկ իր արտադրանքի մեջ օգտագործում է այնպիսի սննդամթերք, որ զինվորն առողջ լինի և հպարտությամբ կարողանա իր զավակներին համտեսելու տա` բացատրելով, որ համեղ է ու օգտակար, որովհետև այն բանակի համար է:
Բայց դա նաև այն բանակն է, որը երբեք իրեն թույլ չի տա գործարքի մեջ մտնել անազնիվ մատակարարի հետ` զինվորի հաշվին իր ընտանիքը երջանկացնելու կեղծ և անիրականանալի երազանքով:
Ազգ-բանակը այն բանակն է, որից չեն գողանում` ոչ փամփուշտ, ոչ գազար, որից չեն խուսափում` հընթացս ձեռք բերելով աշխարհի բոլոր հնարավոր և անհնար հիվանդությունները, որից չեն ծլկում` պետության հաշվին ռազմաբժշկական ֆակուլտետում անվճար կրթություն ստանալուց հետո` հատուկ կտրվելով ինտերնատուրայի քննություններից:
Ազգ-բանակը այն հրամանատարն է, որը չի վախենում, որ իր զինվորը լինի ուժեղ, ինքնավստահ և հանդուգն: Դա այն հրամանատարն է, որ տարբերություն չի դնում իր զավակի և իր զինվորի միջև, որը չի փորձում ինքնահաստատվել իրենից կախման մեջ գտնվող շարքայինի հաշվին:
Ազգ-բանակը դա այն միջավայրն է, որտեղ երիտասարդ սպան իրեն զգում է մեծ ընտանիքի անբաժան մաս, որտեղ իրեն ընդունում են կրտսեր, բայց հարազատ ընկերոջ կարգավիճակով, պատրաստում են դժվար խնդիրների լուծման, սովորեցնում և իրենց փորձն են փոխանցում տարիքով և կոչումով ավագ գործընկերները:
Ազգ-բանակը այն արժեհամակարգն է, որ հենվելով Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու բազմադարյա ամուր հիմքի վրա բարոյականության և սկզբունքների տիրույթում է պատրաստում իր զինվորին ծառայության:
Ազգ-բանակն այն բժիշկն է, որը միշտ պատրաստ է տագնապով հայտնվել մարտի դաշտում` պայքարելով յուրաքանչյուր վիրավորի փրկության համար, դա այն ռեժիսորն է, որի ֆիլմում սպայի և զինվորի կերպարն ամենադրականն է, այն երգահանն է, որի «Պատիվ ունեմ» երգը հուզում է յուրաքանչյուրին` անկախ իր մասնագիտությունից, դա այն մարզիկն է, որ օլիմպիական խաղերում հաղթելով՝ պարգևատրման արարողության ժամանակ հագնում է զոհված ազատամարտիկի դիմանկարով շապիկը, դա այն մանուկն է, որը զինվորի համար ծանրոց է ուղարկում զորամաս` իր կուտակած դրամների հաշվին:
Ազգ-բանակը դա այն բանակն է, որն իր ներդրումն ունի միջազգային անվտանգության պահպանման գործում, և որը շիտակ ու վստահ է խոսում իր մեծ և փոքր գործընկերների հետ:
Ազգ-բանակի կերտման ուղին հեշտ չէ: Այն պահանջում է քրտնաջան աշխատանք, անվերապահ նվիրում, բարձր ինքնագիտակցություն, զոհողություն: Ուրեմն ո՞վ, եթե ոչ զինվորականները կարող են և պետք է անեն առաջին քայլն այս ուղղությամբ:
Ամենամեծ պարադոքսը կայանում է նրանում, որ մենք չենք կարող ընտրել կամ չընտրել ազգ-բանակի հայեցակարգը: Մենք միայն կարող ենք որդեգրել այն հենց այսօր և նորովի տեսլականով, ինքնավստահ քայլերով մոտենանք այդ գաղափարի իրականացմանը: Վստահ եմ, որ համատեղ կիրականացնենք այդ գաղափարը:
Դրա համար կա ամեն ինչ` ճիշտ մարդիկ, կայացած պետական կառավարման համակարգ, անհրաժեշտ ռեսուրսներ, հասարակական պահանջ: Ամենագլխավորը՝ ունենք ազգ-բանակ տիրույթում բանակի դիրքերը հուսալի պահելու և այդ ուղղությամբ արագ քայլեր ձեռնարկելու հարցում պետության ղեկավարի, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի վստահությունն ու ակնկալիքը:
Եվ ուրեմն, առաջ, դեպի նոր հաղթանակներ: