Զինված ուժերում անցկացվում է «Դյուցազուն» որակավորման մրցույթը

26 Օգոստոսի, 2016 17:08
ՀՀ զինված ուժերում անցկացվում է «Դյուցազուն» որակավորման կարգ շնորհելու ամենամյա համաբանակային մրցույթը:

«Դյուցազուն» համաբանակային մրցույթը զինված ուժերի տարբեր զորամիավորումների ժամկետային ու պայմանագրային զինծառայողներին և սպաներին իրենց հմտությունները բացահայտելու, մարտավարամասնագիտական ունակություններն ամրապնդելու, մարզումների, ֆիզիկական ու հոգեբանական զանազան արգելքների ու փորձությունների հաղթահարման միջոցով կամային հատկանիշները զարգացնելու և մարտունակություն բարձրացնելու յուրօրինակ հնարավորություն է ընձեռում:

Այս տարի «Դյուցազուն» որակավորման մրցույթը մեկնարկել է օգոստոսի 20-ին: Անցկացվել են մրցույթի փուլերով նախատեսված ստուգողական վարժանքներ, ֆիզիկական և կրակային պատրաստության մրցույթներ: Առջևում են օդադեսանտային պատրաստության վերգետնյա պարապմունքները, ինչպես նաև պարաշուտային թռիչքներն ու տարբեր արգելագոտիների հաղթահարման փորձությունները:

«Դյուցազուն» որակավորման կարգ շնորհելու մրցույթի նպատակն է կատարելագործել մասնակիցների գործնական կարողությունները մարտական խնդիրների պլանավորման և կազմակերպման, արտակարգ իրավիճակներում ինքնուրույն մարտական խնդիրների կատարման առումով:

  • Տարածել