ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական հայտարարությունը
2 Ապրիլի, 2016 09:35Այս պահի դրությամբ ԼՂՀ ՊԲ ստորաբաժանումների ակտիվ գործողությունների արդյունքում շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը հետ է շպրտվել՝ տալով բազմաթիվ զոհեր: Մարտական գործողությունները շարունակվում են:
ՀՀ պաշտպանության նախարարությունը խստորեն դատապարտում է ռազմական գործողություններ սկսելու վերաբերյալ ադրբեջանական իշխանությունների աննախադեպ ագրեսիվ և անպատասխանատու որոշումը և պաշտոնապես հայտարարում է, որ դրանց շարունակումը կարող է հանգեցնել ադրբեջանական կողմի համար անկանխատեսելի հետևանքների:
Ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում իրադրության աննախադեպ լարման ողջ պատասխանատվությունը կրում են Ադրբեջանի իշխանությունները:
ՀՀ պաշտպանության նախարարությունը միջազգային հանրության և հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ուշադրությունն է հրավիրում ստեղծված իրավիճակի վրա և ակնկալում է անհապաղ հասցեական միջամտություն՝ իրավիճակը վերահսկողության տակ պահելու և լայնածավալ ռազմական գործողություններից խուսափելու համար: