ՀՀ ԱԺ-ում ԱԱՌ-ի նախագծի բաց հասարակական լսումներ
3 December, 2006 00:00Գեներալ-Մայոր Հայկ Քոթանջյանը հարակից զեկույց
ԳԵՆԵՐԱԼ-ՄԱՅՈՐ ՀԱՅԿ ՔՈԹԱՆՋՅԱՆ
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ, ՆԱԽԱԳԾԻ ԳԻՏԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴՈԿՏՈՐ
Մեծարգո Ազգային ժողով
Հարգելի պարոն Նախագահ
Հարգելի պարոն Նախարար
Հարգելի տիկնա’յք և պարոնա’յք
Թույլ տվեք համառոտ ներկայացնել Ազգային անվտանգության ռազմավարության մշակման գործընթացն ու մեթոդաբանությունը:
Գլխավոր քաղաքական փաստաթղթի նախագիծը մշակվել է Միջգերատեսչական հանձնաժողովի 28 անդամների և նրանց աջակցող տասնյակ փորձագիտական խմբերի երկարատև կոլեկտիվ ջանքերով:
Մի քանի խոսք Հանձնաժողովի մասին:
Այն ստեղծվել է անցած տարի Հայաստանի Հանրապետության Նախագահի կարգադրությամբ և Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի ու Պաշտպանության նախարարի առաջարկությամբ: Հանձնաժողովը կազմված է նախարարների տեղակալներից ու կարգավիճակով նրանց համարժեք անձանցից, որոնք զբաղվում են իրենց ենթակա գերատեսչական ոլորտների կայուն և անվտանգ զարգացման խնդիրներով, ինչպես նաև Ազգային ժողովի պատգամավորներից: Հանձնաժողովի անդամների մոտ կեսն ունի դոկտորի կամ թեկնածուի գիտական աստիճան, նրանց թվում` երկու ակադեմիկոս: Հանձնաժողովի կազմում են չորս գեներալ, դեսպանի և լիազոր նախարարի կարգ ունեցող երկու դիվանագետ: Հանձնաժողովի նախագահը ՀՀ և ԼՂՀ անվտանգության համակարգերի ստեղծողներից ու ղեկավարներից է: Առաջին նիստի ժամանակ նա Հանձնաժողովին կողմնորոշում տվեց հավատարիմ լինելու պրոֆեսիոնալության, թափանցիկության ու ժողովրդավարության սկզբունքներին: Առանձնակի նշանակություն էր տրվում մի բարդ խնդրի լուծմանը. այն է` Հանձնաժողովի անդամների մեթոդաբանական համատեղելիության ապահովմանը, քանի որ նրանք ներկայացնում են 19 տարբեր գերատեսչություններ: Տվյալ խնդրի լուծման գործում մեծ դեր խաղացին Ռուսաստանի նախագահին առընթեր Պետական ծառայության ռուսաստանյան ակադեմիայի փորձագետների հետ կայացած խորհրդատվությունները: Անգնահատելի էր նաև ամերիկացի գործընկերների օգնությունը. մեր խնդրանքով ԱՄՆ-ի Պաշտպանության ազգային համալսարանի բարձրակարգ մասնագետները Միջգերատեսչական հանձնաժողովի անդամների համար Երևանում կազմակերպեցին մեթոդաբանական սեմինար:
Հայաստանի համար նման համապետական քաղաքական առաջին փաստաթղթի մշակման և Հանձնաժողովի աշխատանքների կազմակերպման ժամանակ անհրաժեշտ եղավ հաշվի առնել այն փաստը, որ մեր հանրապետությունում չկա անվտանգության ոլորտում ձևավորված գիտական դպրոց: Հայաստանի գիտական հանրությունում կան քիչ թվով փորձագետներ, որոնք մասնագիտացած են անվտանգության բնագավառի առաջավոր արտասահմանյան դպրոցներում:
Այսօրվա այս բաց հասարակական քննարկման հարգելի մասնակիցներին հայտնի է, որ միայն եզակի հայ մասնագետների է հաջողվել հաստատել իրենց մասնագիտական բարձր կարգը անվտանգության ոլորտի մասնագիտացված գիտական խորհուրդներում: Այդ իրողության հաշվառմամբ Ազգային անվտանգության ռազմավարության մասնագիտական հենքի մշակումը գերազանցապես հիմնվել է այն փորձագիտական ներուժի վրա, որը անկախության տարիներին ձևավորվել է այսպես կոչված անվտանգության շրջանակի գերատեսչություններում: Խոսքը պաշտպանության նախարարության, արտգործնախարարության և մի շարք այլ գերատեսչությունների այն փորձագետների մասին է, որոնք մասնագիտացել էին ճանաչված արտասահմանյան կենտրոններում:
Այսօր մենք հրապարակում ենք այն փաստը, որ Հայաստանի պաշտպանության նախարարությունը ազգային անվտանգության հայեցակարգի մշակմամբ փակ ծառայողական կարգով զբաղվում է դեռ 1992 թվականից: Այդ աշխատանքը գործնականում սկսվել է անկախ Հայաստանի Զինված ուժերի ստեղծման առաջին իսկ օրերից և ընթացել է այսպես կոչված «պերեստրոյկայից» հետո ժողովրդավարացող Ռուսաստանում տեղի ունեցող անցումային քաղաքական զարգացումներն իմաստավորող առաջադեմ փորձագետների հետ սերտ համագործակցությամբ: Շնորհակալական խոսքի են արժանի ՌԴ ԱԳՆ-ի Դիվանագիտական ակադեմիայի` միջազգային հարաբերությունների հետազոտման մեթոդաբանության կենտրոնի և Կառավարման ռուսաստանյան ակադեմիայի մասնագետները, որոնք այդ շրջանում համագործակցություն էին ծավալել Հարվարդի և Յելի համալսարանների իրենց գործընկերների հետ: Մենք սերտորեն գործակցել ենք նաև Ռուսաստանի Գերագույն շտաբի Ակադեմիայի ռազմաքաղաքական գիտությունների ամբիոնի, ինչպես նաև Ռուսաստանյան ռազմագիտական ակադեմիայի մասնագետների հետ:
2000 թ., երբ Սերժ Սարգսյանը ազգային անվտանգության նախարարությունից վերադարձավ պաշտպանության նախարարություն, նրա հանձնարարությամբ սկսվեց «Հայաստանի Հանրապետության ռազմական քաղաքականության հիմունքները. ազգային անվտանգության ռազմաքաղաքական տեսանկյունը» ծառայողական փաստաթղթի նորացումը:
Հայաստանի պաշտպանության նախարարը, տիրապետելով ազգային անվտանգության հայեցակարգի մշակման ռուսաստանյան մեթոդաբանությանը, հեռատեսորեն որոշեց ԱՄՆ-ի ու Եվրոպայի առաջատար հետազոտական կենտրոնների միջոցով ընդարձակել անվտանգության բնագավառում մեր գերատեսչությունում կուտակված տեսական-մեթոդաբանական գիտելիքների հորիզոնը: Հայաստանի պաշտպանության նախարարության մասնագետները ԱՄՆ-ի Պաշտպանության ազգային համալսարանում, ՌԷՆԴ կորպորացիայում և Ջ. Մարշալի անվան կենտրոնում գիտական ստաժավորման միջոցով յուրացրեցին համապատասխան արևմտյան ծրագրերը:
Սակայն դա ամենևին էլ չի նշանակում, թե հայկական փաստաթուղթը պատճենված է ամերիկյան կամ ռուսաստանյան բնօրինակից: Եվ այս հարցի պատասխանը հույժ սկզբունքային է: Հայաստանի միջգերատեսչական հանձնաժողովի ղեկավարն ընդունեց միակ ճիշտ որոշումը: Նա ելավ այն փաստից, որ յուրաքանչյուր երկրի համար անվտանգության միջավայրը, ազգային շահերն ու նպատակները, ռեսուրսները և ազգային անվտանգության ապահովման նպատակով դրանց օգտագործման գերակայությունները անկրկնելի են: ՈՒստի և մեր հանձնաժողովը ձեռնամուխ եղավ ազգային անվտանգության փաստաթղթի ինքնուրույն մշակմանը:
Մամուլում փաստաթուղթը տարբեր կերպ են անվանում` ազգային անվտանգության «ռազմավարություն» կամ «հայեցակարգ»` երբեմն կարևորություն չտալով այդ երկու մոտեցումների տարբերման էությանը: Այդ տարբերությունը պայմանավորված է փաստաթղթերի մշակման եվրոպական կամ ամերիկյան մեթոդաբանությունների նախընտրությամբ: Մեր Հանձնաժողովը մշակել է ոչ թե Հայեցակարգ, այլ Ռազմավարություն: Եվ ես անհրաժեշտ եմ համարում տալ հակիրճ պարզաբանում:
Եվրոպական ավանդույթը ենթադրում է ազգային անվտանգությանը վերաբերող գլխավոր քաղաքական փաստաթղթերի երկքայլ մշակում: Առաջին փուլում մշակվում է «Հայեցակարգը», որը առավելապես պատասխանում է «ի՞նչ» հարցին, հետո նրա հիման վրա մշակվում է «Ռազմավարությունը», որը կոչված է պատասխանելու «ինչպես» հարցին:
Ամերիկյան մեթոդաբանությունը ենթադրում է «ի՞նչ» և «ինչպե՞ս» հարցերին պատասխանների որոնման նկատմամբ համակարգային մոտեցում: Հայաստանն ընտրել է Ազգային անվտանգության ռազմավարության մշակման այդ դինամիկ մոդելը, որը նպատակաուղղված է ոչ միայն անվտանգությանը վերաբերող հայացքների համակարգմանը և սպառնալիքների ու դրանց հետմղման ուղղությունների շուրջ տեսական դատողություներին, այլև ժողովրդավարական բարեփոխումների միջոցով հայ հասարակության անվտանգ զարգացման ապահովման համար ծավալվելիք գործունեության և դրա գերակայությունների նախանշմանը:
Բովանդակության տեսակետից Ռազմավարությունը նպատակաուղղված է անվտանգային կողմնորոշումների բազմավեկտոր հաշվեկշռին, ինչպես նաև ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհով հասարակության փոխակերպմանը և միջազգային հանրությանն ինտեգրմանը: Փաստաթղթի այս առանձնահատկությունը նշվել է Վաշինգտոնում, Բրյուսելում և Մոսկվայում կայացած ակադեմիական փորձարկումների ժամանակ: Սկզբունքորեն կարևոր պետք է համարվի նաև Հանձնաժողովի Նախագահի պահանջը` փաստաթղթի ստեղծման ժամանակ դուրս չգալ պրոֆեսիոնալիզմի և վերկուսակցականության շրջանակներից:
Մյուս առանձնահատկությունն այն է, որ Հանձնաժողովի կողմից զուգահեռաբար մշակվում էին փոխպայմանավորված և օրգանապես փոխկապված Ազգային անվտանգության ռազմավարությունը և Հայաստանի Հանրապետության կենսագործունեության բոլոր ոլորտներում Ազգային անվտանգության ռազմավարության իրացման գերատեսչական ծրագրերի թղթապանակը: Այսպիսով` բոլոր նախարարությունները, Միջգերատեսչական հանձնաժողովի կազմում մասնակցելով միասնական Ռազմավարության մշակմանը, որպես դրա արդյունք այսօր ունեն այդ ծրագրերի նախագծերը: Նախապատրաստական փուլում ռազմավարության մշակման հիմք են հանդիսացել ռուսաստանյան գործընկերների հետ համագործակցությամբ կատարված բազմամյա ծառայողական մշակումների արդյունքների համակարգումը, ինչպես նաև ԱՄՆ-ի Պաշտպանության ազգային համալսարանի Ազգային անվտանգության դպրոցում պաշտպանված տեսական-մեթոդաբանական բնույթի «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության մշակումը Հարավային Կովկասի տարածաշրջանային անվտանգության ճարտարապետության համատեքստում» մեր մենագրային հետազոտությունը:
Իսկ փաստաթղթի միջգերատեսչական մշակման հիմք հանդիսացավ ՀՀ Պաշտպանության նախարարի «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության ուղենիշները» զեկույցը: Մոսկվայի, Վաշինգտոնի և Բրյուսելի փորձագետները նախարարի այդ զեկույցը գնահատել են որպես հիմնավոր մասնագիտական նյութ և երաշխավորել են այն օգտագործել որպես Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության մշակման հիմք: Ինտերնետի միջոցով հրապարակվող նիստերի ժամանակացույցի համաձայն Նախագծի բաժինները քննարկվել են կրկնակի անգամ` նախ զեկույցի հիմնական տեքստին վրադրվող առաջարկությունների խճանկարի ձևավորման, ապա լրախմբագրված նախագծի համախմբման փուլերում:
Հանձնաժողովի աշխատանքը ապացուցեց նրա կազմի շրջանակներում փոխադարձ խորհրդատվությունների արդյունավետությունը, հատկապես` սահմանային միջգիտաճյուղային պրոբլեմների և դրանց ինտերակտիվ լուծման ուղիների բացահայտման տեսակետից: Յոթ նիստերի ընթացքում Հանձնաժողովի անդամները ներկայացրեցին 615 առաջարկություն: Դրանց վերլուծությունն ու տեքստի մեջ ներմուծումը կատարվում էին Հանձնաժողովի անդամների հետ կոլեկտիվ փորձագիտական խորհրդատվություններից հետո: Հարկ է նշել այն արհեստավարժությունն ու հավաքական արդյունքում որակյալ ներդրման համար անձնական բարձր պատասխանատվությունը, որոնք դրսևորեց Հանձնաժողովի անդամների մեծ մասը: Պետք է նաև պատշաճը մատուցել Նախագահի կողմից ցուցաբերված հանդուրժողականությանն ու մասնակիցների համախմբման ուղղությամբ նրա գործադրած ջանքերին, որոնց շնորհիվ սիներգիկ կարգով համադրվում էր կարծիքների բազմազանությունը, որը որոշ դեպքերում գերատեսչությունների շահերի միջև եղած օբյեկտիվ հակասությունների անդրադարձն էր:
Հանձնաժողովի նախագահը աշխարհի առավել հեղինակավոր մասնագիտական կենտրոններում բաց վերկուսակցական գիտական բանավեճի արդիական ստանդարտները գերադասեց ոչ մասնագետների շրջանում հնարավոր քաղաքական կանխակալ քննարկումներից: Խոսքը վերաբերում է փորձարկումների մոդելին, որը համախումբ ձևով արտացոլում է Հայաստանի անվտանգության բազմավեկտոր քաղաքականության էությունը. և’ Մոսկվա, և’ Վաշինգտոն, և’ Բրյուսել: Ընդսմին այդ փորձարկումների ոչ տրիվիալ մոդելի ընտրության մասին նախապես տեղեկացվել էին մեր բոլոր գործընկերները: Գոհունակությամբ պետք է նշել, որ արտաքին փորձարկումների կազմակերպման վերաբերյալ մեր Հանձնաժողովի նախագահ Սերժ Սարգսյանի խնդրանքին պատրաստակամությամբ արձագանքեցին և’ ԱՄՆ-ի պաշտպանության քարտուղարը, և’ Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղարը, և’ ՆԱՏՕ-ի ղեկավարությունը:
Փաստաթղթին տրված գնահատականների ընդհանուր պատկերը հետևյալն է. ԱՄՆ-ի Պաշտպանության ազգային համալսարանի Ակադեմիական կոմիտե` «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության մշակման միջգերատեսչական գործընթացը և արդյունքը համապատասխանում են արդիական մեթոդաբանական ստանդարտներին», ՌԴ Նախագահին առընթեր Պետական ծառայության ռուսաստանյան ակադեմիայի ազգային անվտանգության և միջազգային հարաբերությունների ամբիոնների միացյալ փորձագիտական խումբ` «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության նախագիծը միջգերատեսչական հանձնաժողովի համակարգված ջանքերի հասուն արգասիքն է», ՆԱՏՕ-ի անդամ-եվրոպական պետությունների անվտանգության գծով միջազգային խորհրդատվական խումբ` «Փաստաթղթի նախագիծը գիտական առումով համակողմանիորեն հիմնավորված է»: Մեծ արժեք են ներկայացնում այդ մասնագիտական դպրոցների կողմից հանձնաժողովին ներկայացված առաջարկությունները: Կարևոր է նշել, որ դրանք արվել են սոսկ որպես խորհուրդներ` հստակ ըմբռնումով, որ ազգային քաղաքական փաստաթղթի մշակումը Հայաստանի Հանրապետության իշխանությունների պատասխանատվության գործն է:
ՈՒշադրության են արժանի նաև Երևանի պետական համալսարանի գիտխորհրդի և Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության ընդլայնված նիստերում կայացած բաց քննարկումները:
Միջգերատեսչական հանձնաժողովի վերլուծական-համադասող ու խմբագրական օղակի դերն ստանձնել է զորավար Դրաստամատ Կանայանի անվան նորաստեղծ Ինստիտուտը: Այստեղ Հայաստանի Հանրապետության ազգային շահերի տեսանկյունից վերլուծվում և ի մի են բերվում ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շրջանների առաջարկները, ապա` ներկայացվում հանձնաժողովին: Միևնույն ժամանակ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության մշակումը լավագույն գործիքն է ազգային ռազմավարական հետազոտությունների ասպարեզում Ինստիտուտի ապագա գործունեության տրամաչափը որոշելու համար: Որպես Հանձնաժողովի գործադրած ջանքերի մեկ այլ արգասիք ես կնշեի Ազգային անվտանգության խորհրդի գործունեության մոդելի գործնական փորձարկումները: Միջգերատեսչական գործընթացները ղեկավարող Նախագահին հաջողվեց համազգային և գերատեսչական մասշտաբների ռազմավարական փաստաթղթերի միասնական փաթեթի մշակման ընթացքում էապես հստակեցնել ազգային անվտանգության խորհրդի գործունեության հնարավոր մոդելը: Իհարկե, ռազմավարության նախագծի արտաքին փորձարկումների կարևոր գործառույթ էր Վաշինգտոոնի, Մոսկվայի ու Բրուսելի գործընկերների հետ ակադեմիական մասնագիտական բանավեճի ձևաչափով քաղաքական ազդակների /մեսիջների/ փոխանակումը ազգային անվտանգության առավել զգայուն հարցերի շուրջ: Հարգելի գործընկերներ, թույլ տվեք առաջարկ անել քննարկվող փաստաթղթի գործադրման վերաբերյալ: Իմ համոզմամբ, Ռազմավարությունն օրենքի փոխակերպելու դեպքում այն կվերածվի մի նորմատիվային զսպաշապիկի, որով կկաշկանդվի հայոց պետականության ու քաղաքացիական հասարակության ժողովրդավարական բարեփոխումների ընթացքում ոչ միայն պետական, այլև ոչ կառավարական սուբյեկտների քաղաքական գործունեությունը: Այս կապակցությամբ առաջարկում եմ նորմատիվ ակտերի մասին գործող Օրենքում կատարել համապատասխան փոփոխություն: