AF Engineer Troops Department

HEAD OF ARMED FORCES ENGINEER CORPS - HEAD OF DEPARTMENT

Vahram Grigoryan

colonel

Read More

Վարչության գործունեության մասին

Ազգային-ազատագրական պայքարի առաջին իսկ օրերից կամավորական տարբեր ջոկատների կազմում սկսեցին գործել նաև սակրավորները, որոնք հիմնականում բարձրագույն ուսումնական հաստատությունների ռազմական ամբիոններ ավարտած սպաներ էին և ԽՍՀՄ զինված ուժերում ծառայած ինժեներական զորքերի մասնագետներ: Քիչ չէին նաև կադրային սպաները, որոնց մի մասը ազատամարտի կանչով թողնելով իրենց պաշտոնները, իսկ ոմանք վաստակած հանգիստը` զինվորագրվեցին ազգային ազատագրական պայքարին:
Ազատամարտի տարիներին ինժեներական զորքերի շնորհիվ ոչ միայն կանխվեց թշնամու առաջխաղացումը, այլև զգալի կորուստներ հասցվեց նրա կենդանի ուժին և տեխնիկային` մեծ ավանդ ներդնելով հաղթանակի և անկախ Հայաստանի Հանրապետության նորաստեղծ բանակի կայացման գործում: 
1993թ. սեպտեմբերի 5-8-ն ընկած ժամանակահատվածում` արևելյան ռազմաճակատում, սակրավորների աշխատանքի արդյունքում հակառակորդը մարտի դաշտում թողեց ավելի քան 14 միավոր զրահատեխնիկա (տանկեր, հետևակի մարտական մեքենաներ, զրահափոխադրիչներ): Հաշվի առնելով այդ ձեռքբերումը` ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով սեպտեմբերի 7-ը սահմանվել է որպես Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ինժեներական զորքերի օր:
ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով 1992թ. սեպտեմբերի 8-ից ինժեներական ծառայությունը վերակազմավորվել է որպես ՀՀ ՊՆ ինժեներական զորքերի վարչություն, իսկ 2009թ. ապրիլի 26-ից՝ ՀՀ ԶՈՒ ինժեներական զորքերի վարչություն: 
ՀՀ ԶՈՒ ինժեներական զորքերի վարչության ստեղծման օրվանից մինչ օրս ինժեներական զորքերի պետ-վարչության պետի պաշտոնը զբաղեցրել են.

  • 1992-93թթ. և 1994-95թթ.` գնդապետ Աշոտ Գալուստի Մարդանյանը,
  • 1995-98թթ.` գնդապետ, այժմ` գեներալ-լեյտենանտ Ալիկ Ռազմիկի Միրզաբեկյանը, 
  • 1999-2011թթ.` գեներալ-մայոր Ոստանիկ Վասիլիի Ադոյանը,
  • 2011-2015թթ.` գեներալ-մայոր Կարեն Անդրանիկի Աբրահամյանը,
  • 2015թ. առ այսօր` գեներալ-մայոր Իշխան Ժորայի Մաթևոսյանը:

Ինժեներական զորքերի կողմից զորամիավորումների, միավորումների և զորամասերի պաշտպանական գոտիներում և տեղամասերում շարունակվում է ամրաշինական կառույցների սարքավորման, պայթյունային և ոչ պայթյունային արգելափակոցների տեղադրման մեծածավալ աշխատանքների իրականացումը: Հատկապես նշանակալի և արդյունավետ ծրագրեր են իրականացվել մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի կենսունակության բարձրացման և կենցաղային պայմանների բարելավման ուղղությամբ: 
Բացի այդ, ՀՀ ԶՈՒ ինժեներական զորքերի ստորաբաժանումները հումանիտար ականազերծման աշխատանքներ են իրականացնում ՀՀ մարզերում, Արցախում, ինչպես նաև ՆԱՏՕ-ի հետ համագործակցության շրջանակներում խաղաղապահ առաքելություն է իրականացրել 2003-2007թթ.` Իրաքում, 2010թ.-ից` Աֆղանստանում:
ՀՀ ԶՈՒ ինժեներական զորքերի վարչությունը մշտական աշխատանք է տանում առաջավոր փորձի ուսումնասիրման, նոր տեխնոլոգիաների ներդրման, ժամանակակից ինժեներական սպառազինության միջոցների ստեղծման ուղղությամբ:

Contact

Address: Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Բագրևանդի 5, 0044
Phone: (+37410) 29-45-81