ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է զինվորական հոսպիտալ
25 May, 2015 00:00Մայիսի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալª զինծառայողների հետ հանդիպելու և բուժանձնակազմին խրախուսելու նպատակով:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարին ուղեկցել են ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը, ՀՀ ՊՆ աշխատակազմի ղեկավար Գառնիկ Հայրապետյանը, ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանը:
Հոսպիտալ կատարած այցի ընթացքում Սեյրան Օհանյանը զրուցել է հոսպիտալում բուժվող զինծառայողների հետ, հետաքրքրվել նրանց բուժման ընթացքով և մաղթել շուտափույթ ապաքինում:
Հոսպիտալում էին նաև այն զինծառայողների ծնողները, որոնց զավակները վերջին շրջանում ստացել էին տարբեր աստիճանի վնասվածքներ և հոսպիտալի բուժանձնակազմի ջանքերով բարեհաջող բուժումից հետո ամբողջությամբ վերականգնվել են: Ողջունելով հավաքվածներին, Սեյրան Օհանյանը նշել է, որ զինվորների հարազատներն իր խնդրանքով են եկել հոսպիտալ, որպեսզի միասին շնորհակալություն հայտնեն բուժծառայության անձնակազմին՝ վիրավոր և հիվանդ զինծառայողներին ցուցաբերած բուժօգնության, ծառայության նկատմամբ դրսևորած բարեխիղճ վերաբերմունքի, մասնագիտական բարձր որակների և լարված իրավիճակներում զինվորականների կյանքը հրաշքով փրկելու համար:
Հոսպիտալում անցկացվել է նաև աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում տրվել են համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ:
Այցելության շրջանակում պաշտպանության նախարարը Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի մի շարք բուժծառայողների խրախուսել է գերատեսչական մեդալներով և պատվոգրերով: