Հայաստանում էր ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի համատեղ խորհրդատվական խումբը

7 June, 2014 00:00
Հունիսի 2-ից 7-ը Երևանում էր գտնվում Հայաստանի Հանրապետությունում պաշտպանության ռազմավարական երկրորդ վերանայմանն աջակցող ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի համատեղ խորհրդատվական խումբը:

Այցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարության համապատասխան մասնագետների հետ հանդիպումների ժամանակ քննարկվել է ռազմավարական վերանայման շրջանակներում պլանավորման նկատառումների մշակման մեթոդաբանությունը: Այցի արդյունքներն ամփոփելու և փորձագիտական աջակցության հետագա ուղղությունները նախանշելու նպատակով հունիսի 6-ին խորհրդատվական խմբին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը: ՀՀ պաշտպանության ռազմավարական երկրորդ վերանայման գործընթացն իրականացվելու է մինչև 2015թ. ավարտը և նպատակաուղղված է անվտանգության միջավայրի համակողմանի գնահատման, սպառնալիքների չեզոքացման եղանակների բացահայտման, անհրաժեշտ ռեսուրսների պլանավորման և դրանց գործադրման ուղիների որոշման միջոցով մինչև 2020թ. ՀՀ պաշտպանության և անվտանգության համակարգի կայուն զարգացմանը: