Հայ-ադրբեջանական սահմանագծի հերթական դիտարկումը
29 June, 2012 00:00 Հունիսի 28-ին հայ-ադրբեջանական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում` Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրի մերձակայքում, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից անցկացվել է հայ-ադրբեջանական սահմանագծի հերթական դիտարկումը:
Հայկական կողմից դիտարկմանը մասնակցել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը և Անտալ Խերդիչը:
Մինչ դիտարկման վայր մեկնելը Տավուշի մարզպետարանում ԵԱՀԿ ներկայացուցիչներին ներկայացվել են հայ-ադրբեջանական պետական սահմանում տիրող իրավիճակը, հունիս ամսին ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի վիճակագրությունը, ինչպես նաև ադրբեջանական դիպուկահարների գործողություններին ու սադրանքներին վերաբերող փաստեր: Այնուհետև հայկական կողմի և ԵԱՀԿ-ի ներկայացուցիչները մեկնել են դիտարկման տեղանք և ռադիոկապ հաստատել ադրբեջանական կողմի հետ` միմյանց տալով անվտանգության երաշխիքներ: Դիտարկումն անցկացվել է որոշակի հեռավորության վրա` ռադիոկապի միջոցով: Ադրբեջանական կողմը կրկին հրաժարվել է սահմանը հատելու և անմիջական դիտարկում անցկացնելու հայկական կողմի առաջարկից:
Դիտարկումն անցել է առանց միջադեպերի: