Հայ-ադրբեջանական սահմանագծի հերթական դիտարկումը

29 Июня, 2012 00:00
Հունիսի 28-ին հայ-ադրբեջանական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում` Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրի մերձակայքում, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից անցկացվել է հայ-ադրբեջանական սահմանագծի հերթական դիտարկումը:

Հայկական կողմից դիտարկմանը մասնակցել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը և Անտալ Խերդիչը: Մինչ դիտարկման վայր մեկնելը Տավուշի մարզպետարանում ԵԱՀԿ ներկայացուցիչներին ներկայացվել են հայ-ադրբեջանական պետական սահմանում տիրող իրավիճակը, հունիս ամսին ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի վիճակագրությունը, ինչպես նաև ադրբեջանական դիպուկահարների գործողություններին ու սադրանքներին վերաբերող փաստեր: Այնուհետև հայկական կողմի և ԵԱՀԿ-ի ներկայացուցիչները մեկնել են դիտարկման տեղանք և ռադիոկապ հաստատել ադրբեջանական կողմի հետ` միմյանց տալով անվտանգության երաշխիքներ: Դիտարկումն անցկացվել է որոշակի հեռավորության վրա` ռադիոկապի միջոցով: Ադրբեջանական կողմը կրկին հրաժարվել է սահմանը հատելու և անմիջական դիտարկում անցկացնելու հայկական կողմի առաջարկից: Դիտարկումն անցել է առանց միջադեպերի:
  • Поделиться