ՌԴ պաշտպանության նախարարության ձյուդոյի գավաթի բաց մրցաշարում ՀՀ զինված ուժերի թիմը գրավել է 2-րդ տեղը

15 December, 2011 00:00
Դեկտեմբերի 9-11-ը Մոսվկվայի ԲԿՄԱ ունիվերսալ մարզական համալիրում կայացել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության ձյուդոյի գավաթի մինչև 20 տարեկան երիտասարդների մրցաշարը, որին մասնակցում էին Հայաստանի, Գերմանիայի, Հունգարիայի, Ուկիաինայի, Բելոռուսի, Լատվիայի, Լեհաստանի և Թուրքիայի ներկայացուցիչներ:

Հայաստանն այս մրցաշարում ներկայացնում էր Զինված ուժերի թիմը: Ռուսաստանի Դաշնությունը ներկայացնում էին Զինված ուժերի մարզական ակումբի, ՆԳՆ ներքին զորքերի, ԱԻՆ և Ռազմական ինստիտուտի թիմերը: Մրցաշարի երեկոյան մասն իր ողջույնի խոսքով բացեց ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, բանակի գեներալ Նիկոլայ Մակարովը: Մեր թիմը նախնական հանդիպումներում առաջինը 3-2 հաշվով հաղթել է ՌԴ արտակարգի իրավիճակների նախարարության թիմին, երկրորդ հանդիպումը 4-1 հաշվով հաղթել է Ուկրաինայի բանակի մարզական ակումբի, իսկ կիսաեզրափակիչում 4-1 հաշվով` Ռուսաստանի ներքին գործերի նախարարության ներքին զորքերի թիմերին: Եզրափակիչում հայկական թիմը հանդիպել է ՌԴ բանակի մարզական ակումբի թիմին, սակայն համառ պայքարում մեր մարզիկները զիջել են 2-3 հաշվով և մրցաշարի արդյունքներով գրավել 2-րդ հորիզոնականը: Մրցանակակիրներին պարգևները հանձնել են ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Նիկոլայ Մակարովը, Ռուսաստանի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ Վասիլի Անիսիմովը և Ձյուդոյի եվրոպական միության ներկայացուցիչ Լասլո Տոտը: