Միքայել Հարությունյանն ընդունեց Հայաստանում Վրաստանի դեսպան Ռևազ Գաչեչիլաձեին:
25 May, 2007 00:00Ս.թ. մայիսի 25-ին ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանն ընդունեց Հայաստանում Վրաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռևազ Գաչեչիլաձեին:
Հանդիպման սկզբում դեսպանը շնորհավորեց Միքայել Հարությունյանին պաշտպանության նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
Միքայել Հարությունյանն իր հերթին դեսպանին շնորհավորեց Վրաստանի Հանրապետության անկախության տոնի առթիվ և կարևորեց պաշտպանության ու անվտանգության բնագավառում երկկողմ համագործակցությունը` հավաստիացնելով, որ Հայաստանի իշխանությունները նպատակ ունեն ավելի զարգացնելու հայ-վրացական բարեկամական հարաբերությունները:
Հանդիպման ընթացքում կարծիքներ փոխանակվեցին տարածաշրջանային անվտանգությանն առնչվող խնդիրների շուրջ` փաստելով երկու երկրների կողմից տարածաշրջանային կայունությանը միտված քաղաքականությունը:
Կողմերն անդրադարձան նաև հայ-վրացական հարաբերությունների ջերմ բարեկամական բնույթին, որը լայն հնարավորություններ է ընձեռում դրանք ընդլայնելու, ինչպես նաև ռազմական ոլորտում գործնական հիմքերի վրա դնելու համար: