Ստեղծվելու է ՀՀ ՊՆ առընթեր Հասարակական խորհուրդ
5 November, 2007 00:00ՀՀ պաշտպանության նախարարությունում քննարկվում է «ՀՀ պաշտպանության նախարարությանն առընթեր հասարակական խորհուրդ ստեղծելու մասին» ՀՀ պաշտպանության նախարարի հրամանի նախագիծը:
Նորաստեղծ հասարակական խորհուրդը նպատակ ունի ապահովել պաշտպանության նախարարության և ՀՀ քաղաքացիների փոխհամագործակցությունը, բանակաշինության, զինված ուժերում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության, ՀՀ ԶՈւ նկատմամբ քաղաքացիական վերահսկողության և քաղաքացիական հասարակության սկզբունքների զարգացման հարցերում հասարակական կազմակերպությունների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների շահերի փոխհամաձայնեցումը:
Հասարակական խորհուրդը խորհրդակցական մարմին է, որը ձևավորվելու է կամավորության սկզբունքով, հասարակական նախաձեռնությամբ ներկայացված հայտերի հիման վրա: Խորհրդի կազմում կընդգրկվեն գիտության, կրթության, արվեստի, սպորտի և այլ բնագավառների գործիչներ: