Մ.Հարությունյանն ընդունեց Հայաստանում Բուլղարիայի նորանշանակ դեսպանին

30 January, 2008 00:00
Ս.թ հունվարի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան, պարոն Դմիտրի Ստայկովին և ռազմական կցորդ, գնդապետ Պլեմեն Պետկովին:

Հանդիպման սկզբում Մ.Հարությունյանը շնորհավորեց դեսպանին` հույս հայտնելով, որ երկուստեք համագործակցությունն էլ ավելի կընդլայնվի վերջինիս պաշտոնավարման ընթացքում և հաջողություն մաղթեց նրան` Հայաստանում դիվանագիտական առաքելություն իրականացնելու գործում: Անդրադառնալով երկկողմ հարաբերությունների համատեքստում ռազմական համագործակցության ներկա վիճակին, կողմերը փաստեցին այդ համագործակցության խորացման անհրաժեշտությունը, ինչն ամրագրված է նաև 2008թ.-ի երկկողմ համագործակցության պլանում: Խոսելով ԼՂՀ խնդրի կարգավորման հարցի շուրջ, կողմերը կարևորեցին վերջինիս լուծման խաղաղ ճանապարհը: Հանդիպման ավարտին կողմերը մտքեր փոխանակեցին մեր երկրի զինված ուժերում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ, ինչպես նաև քննարկեցին տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող մի շարք հարցեր: