ՀՀ պաշտպանության նախարարությունում անցկացվեց Կոլեգիայի նիստ
30 May, 2008 00:00Ս.թ. մայիսի 30-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում անցկացվեց Կոլեգիայի նիստ, որի ժամանակ քննարկվեցին ՀՀ զինված ուժերում իրականացվող բարեփոխումների ընթացքը, ազգային բանակի մարտունակության շարունակական բարձրացմանն առնչվող տարաբնույթ հարցեր:
Կոլեգիայի նիստին ելույթներով հանդես եկան ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ- պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախարարի տեղակալներ Արա Նազարյանը, գեներալ-լեյտենանտ Ալիկ Միրզաբեկյանը, վարչությունների պետեր, ուսումնական զորամասերի հրամանատարներ:
Անդրադառնալով նախորդ և ընթացիկ տարում իրականացվող բարեփոխումների օրացուցային պլանին` բանախոսներն իրենց ելույթում նշեցին, որ մինչև ս.թ. հունիսի 1-ը նախատեսված բոլոր միջոցառումներն հիմնականում կատարվել են ամբողջությամբ, լուծվել են բարեփոխումների առաջին փուլի` օրենսդրական դաշտի ապահովման հարցերը:
Քննարկվող հարցերի շուրջ ամփոփիչ խոսքով հանդես եկավ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, որը մասնավորապես ասաց. «Ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել մի շարք դրույթների վրա, որոնք անհրաժեշտ է հաշվի առնել պաշտպանության նախարարի հրամանի նախագիծը և պաշտպանական բարեփոխումների ծրագրի լրացումները նախապատրաստելիս:
Պաշտպանական բարեփոխումների ծրագրում շարադրված հարցերի կոորդինացման աշխատանքը պետք է շարունակի գլխավոր շտաբի պետի ղեկավարած նորացված հանձնաժողովը` իր կազմում ընդգրկելով բանակային կորպուսների, ռազմաուսումնական հաստատությունների ղեկավարման օպերատիվ օղակների ներկայացուցիչներին` համապատասխան հրամանատարների և պետերի ներկայացմամբ, ՊՆ միջազգային ռազմական համագործակցության և պաշտպանական ծրագրերի վարչության, հետագայում նաև գլխավոր շտաբի կառուցվածքում ստեղծվելիք ՀՀ զինված ուժերի զարգացման ռազմավարական պլանավորման վարչության ակտիվ մասնակցությամբ:
Հանձնաժողովի նիստ գումարել նվազագույնը ամիսը մեկ անգամ, կանոնավորապես քննարկել պաշտպանական բարեփոխումներին վերաբերող տարաբնույթ հարցեր, արձանագրել յուրաքանչյուր նիստ, և այդ մասին զեկուցել ինձ:
Այդ աշխատանքին զուգընթաց ԳՇ պետի, ՊՆ տեղակալների, բանակային կորպուսների հրամանատարների, ռազմաուսումնական հաստատությունների պետերի համապատասխան հրամաններով ստեղծել հանձնաժողովներ, որոնք կմշակեն առաջարկություններ` ենթակա զորամասերի, զորատեսակների զորամասերի, դրանց կառավարման օղակների կառուցվածքի և հաստիքների վերաբերյալ:
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետին` - որպես պաշտպանական բարեփոխումների հանձնաժողովի նախագահ մշակել և հաստատման ներկայացնել ՀՀ ռազմական դոկտրինի դրույթներից և այս տարվա աշնանը ընդունվելիք «Պաշտպանության մասին» ՀՀ նոր օրենքից բխող փաստաթղթերի (ծրագրերի) մշակման պլանները: Յուրաքանչյուր վարչություն և բաժին պետք է ունենա իր երկարաժամկետ ծրագիրը` ըստ ամիսների և տարիների: Եվ, ի գիտություն բոլորին, ծրագրեր կազմելիս անհրաժեշտ է հաշվի առնել նաև մեր տարածաշրջանի բարդ աշխարահաքաղաքական դիրքը, տարածաշրջանում տիրող մթնոլորտը, բարյացակամ վերաբերմունքը մեր հարևանների հանդեպ:
Սպասվում է չափազանց պատասխանատու և ծանր աշխատանք:
Առաջիկա մի քանի օրերի ընթացքում մենք վերջնականապես կքննարկենք ՀՀ ՊՆ և ԶՈՒ ԳՇ կենտրոնական ապարատի կառուցվածքը, որը կներկայացնենք ՀՀ Նախագահի ուսումնասիրությանն ու հավանությանը, որից հետո, ըստ կարգի, այն կուղարկենք ՀՀ կառավարություն` հաստատման:
Հիմնական փաստաթղթերից մեկն է լինելու նաև «Զինված ուժերի զարգացման պլանը»: Հնարավոր է, որ այն շեշտադրենք որպես «2010-2015թթ. ՀՀ ԶՈՒ զարգացման պետական ծրագիր»:
Ձեր ուշադրությունն եմ հրավիրում պաշտպանական բարեփոխմանը վերաբերող ևս մեկ հարցի: Հատուկ քաղաքացիական ծառայության են անցնելու մեծ թվով զինծառայողներ` գնդապետներ, փոխգնդապետներ, մայորներ, կապիտաններ, ենթասպաներ, ովքեր իրենց վարչություններում և բաժիններում զբաղեցնում են զինվորական հաստիքներ:
Հատուկ քաղաքացիական ծառայության անցնելու գործընթացը մոտեցել է վերջին փուլին, և այդ համակարգը պետք է գործի ս.թ. նոյեմբերի 1-ից:
Այս խնդրին պետք է ցուցաբերել չափազանց նրբանկատ և ուշադիր մոտեցում, որպեսզի չանտեսվեն զինծառայողների իրավունքները: Անհրաժեշտ է օգնել նրանց հարմարվելու միանգամայն նոր և դեռևս ոչ լիովին հասկանալի ծառայողական կառույցի կայացմանը:
Անհրաժեշտ է ուսումնասիրել յուրաքանչյուր զինծառայողի գործը, զրուցել նրա հետ, ուշադիր լսել նրա ցանկություններն ու խնդրանքները: Իսկ նրանց, ում մինչև զինվորական կենսաթոշակին անցնելը մնացել է մեկ-երկու տարի, հնարավորություն տալ ծառայելու, օգնել տեղափոխվելու այլ կառույցներ, որտեղ նախատեսված է զինվորական ծառայություն:
Մենք կարող ենք ընդունել ցանկացած օրենք, կազմել ցանկացած ծրագիր, պլան, սակայն ամենակարևորը բոլոր մակարդակներում (սկսած պաշտպանության նախարարության ղեկավարությունից, վարչություններից և բաժիններից, վերջացրած զորամասերի զինվորական կոլեկտիվներով) բարենպաստ մթնոլորտ ստեղծելն է.
- անհրաժեշտ է փոխել վերաբերմունքը ամեն ինչի նկատմամբ, փոխել սեփական և ենթակաների հոգեբանությունը, որպեսզի բոլորը հասկանան ու համոզված լինեն, որ պաշտպանական բարեփոխումները մեզ համար անհրաժեշտություն են,
- վերանայել և լուրջ հիմքերի վրա դնել զորքերի պատրաստությունը, ամբողջ ուսումնական գործընթացը, հրաժարվել շաբլոնից, ձևականությունից, չընկնել գնահատականների հետևից, ներդնել ստեղծագործական ոգի և առողջ մրցակցություն:
- բարձրացնել դաստիարակչական աշխատանքի մակարդակը, դրա կենտրոնը տեղափոխել սկզբնական օղակ` բաժանմունք (անձնակազմ), վաշտ, դասակ (մարտկոց),
- բարձրացնել մեթոդական վարպետությունը, մասնագիտական գիտելիքները, ակտիվորեն ներդնել մանկավարժական մշակույթի տարրեր,
- անհաշտ պայքար մղել բացասական դրսևորումների` կոպտության, անհոգության, հայհոյախոսության, անկրթության, ֆիզիկական բռնության, հովանավորչության, կաշառակերության և դրամաշորթության դեմ,
- անձնակազմին լիարժեք ապահովել իրային, պարենային, զինվորական և դրամական բավարարումներով, ստեղծել սոցիալ-կենցաղային կանոնադրական պայմաններ:
Վստահ եմ, որ այս դահլիճում հավաքվել է համախոհների կոլեկտիվ, որն ի վիճակի է լուծել ամենաբարդ խնդիրները, բարձրացնել մեր զինված ուժերի մարտական պատրաստականությունը, որոնք ունակ են ապահովել պետության անվտանգությունն ու սահմանների անձեռնմխելիությունը` հանուն մեր Հայրենիքի ծաղկման, հանուն Հայաստանի և Արցախի ժողովրդի խաղաղ, ստեղծարար աշխատանքի, հանուն մեր երեխաների և թոռների արժանապատիվ ապագայի:
Այս պատվավոր և ազնիվ գործում հաջողություն եմ մաղթում, և’ ձեզ, և’ մեզ»: